Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը համոզված է, որ եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի, և այժմ եռանդուն ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու և սահմանին իրավիճակը շտկելու համար», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը ստացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նամակը ռազմական օգնության մասին: Նա նշել է, որ «այդ բոլոր հարցերը բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորման հարցով: