Ադրբեջանը արձագանքել է ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումին՝ կապված սահմանին տիրող իրավիճակի հետ

Ադրբեջանը արձագանքել է ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումին՝ կապված սահմանին տիրող իրավիճակի հետ։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանին տիրող իրավիճակի հետ, «անհիմն է», դա գործընթացը քաղաքականացնելու փորձ է, Բաքուն շարունակում է բանակցությունները Երևանի հետ»,- հայտարարել է Ադրբեջանը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

«Վերոնշյալի մասին, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ նամակներ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այսօր հղել է նաև ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ղեկավարներին»,-նշված էր վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել