Արցախյան պատերազմում զոհված Շահեն Գալստյանը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 15-ին, հրետանավոր էր: Ծառայել է Լուսակերտում, ծառայության ընթացքում ունեցել է խրախուսանքներ, արժանացել է երկու շքանշանների, կրտսեր սերժանտի։ Փայլում էր իր գիտելիքներով, դեռ ծառայության ժամանակ նկարը փակցրել են Լուսակերտի զորամասի պատին։ 6 ամիս հետո ծառայությունը շարունակել է Կապանում։ Կրտսեր սերժանտ Շահեն Գալստյանը պատերազմի օրերին դասակի հրամանատարի տեղակալն է եղել:
«Սեպտեմբերի 27-ին, 28-ին,29-ին ոչ մի լուր չունեի Շահենից, զանգեց սեպտեմբերի 30-ին: Ասացի՝ Շահեն ջան, ինչի՞ չես զանգում, ասաց՝ չեմ կարող, մամ ջան, մի՛ մտածի, եթե վատ լուր լինի՝ կգա կհասնի»,-պատմում է Մայրը՝ Արփինե Պետրոսյանը:
Առաջին հրադադարի օրը զոհվել է Շահենը. «Տեսնելով անօդաչուն՝ հրաման է տվել՝ տղերք վազեք: Վազելու ընթացքում Արա Աղաբաբյանը վիրավորվում է, Շահենը հետ է գալիս, որ փրկի իր զինվորին, բայց չի կարողանում, պառկում է զինակից ընկերոջ վրա և ԱԹՍ-ի հարվածը վերցնում է իր վրա»,- պատմում է մայրը:
Շահենը 5 տարեկանից գնացել է պարի։ 13 տարեկանից Ռուսաստանի դաշնությունում, Վրաստանում, եվրոպական երկրներում ներկայացնում էին Հայաստանը։ Մրցույթային համերգներում միշտ առաջին կամ երկրորդ տեղն էին զբաղեցնում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր ՀՊՄՀ պարարվեստի բաժին։ «Բերդ» պարային անսամբլի մենակատարն էր։
«Ասում էր՝ մենք փոքր պետություն ենք, ցանկանում եմ, որ աշխարհը ճանաչի մեզ, որովհետև մենք դարավոր պատմություն ունենք, դարավոր արվեստ ունենք, հայկական խաղը (պարը) շատ սիրուն է»,-պատմում է հայրը՝ Հարություն Գալստյանը:
Շահեն Գալստյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 20-ին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ջրականում (Ջաբրայիլ):