Ովքեր կարող են օգտվել «Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից» և ինչ կարգով, ինչ փաստաթղթեր են հարկավոր

Առողջապահության նախարարությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, թե ովքեր կարող են օգտվել «Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից» և ինչ կարգով։

2019թ. օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել են «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները:

Ծրագիը մեկնարկել է 07.09.2019 թվականից:

Շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներն են.

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը, եթե ամուսիններից մեկը`

1. զինծառայող է կամ զինծառայողներին հավասարեցված անձ (սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, կցվում է), կամ

2. զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնող, կամ

3. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու, կամ

4. ունի հաշմանդամի կարգավիճակ, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում, կամ

5. սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգ են (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N1 հավելվածով սահմանված ցանկին համապատասխան` կցվում է):

Միաժանակ զույգերը պետք է բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջները`

1) ամուսինները կամ ամուսիններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ամուսնությունը գրանցված է օրենսդրությամբ սահմանված կարգով,

2) կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում` կնոջ տարիքը մինչև 42 տարեկան), ընդ որում 35 տարեկանում դիմելու և որպես շահառու հաշվառվելու դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը:

Ծրագրից օգտվելու համար քաղաքացին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը

1) դիմում,
2) կնոջ, տղամարդու` անձնագիր, նույնականացման քարտ,
3) հիմնական և լրացուցիչ պահանջներին համապատասխան քաղաքացու (անպտուղ զույգի) կարգավիճակը հավաստող փաստաթղթեր, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի բնակիչները` նաև տեղեկանք մշտական բնակության վայրից, ընդ որում` ամուսիններից մեկի հաշվառման և մշտական բնակության վայրերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ցանկին,
4) ամուսնության վկայական,
5) Էպիկրիզ (բժշկական փաստաթղթեր) նախկինում կիրառված հետազոտման մեթոդների ու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին` տրված պացիենտի բուժօգնությունն իրականացրած բժշկական հաստատության կամ տարածքային սպասարկման կանանց կոնսուլտացիայի կողմից (եթե կինը մինչև դիմելը հետազոտվել և (կամ) անպտղության կապակցությամբ ստացել է բժշկական օգնություն):

Առաջնակի հետազոտվող անպտուղ զույգերի դեպքում բժշկական փաստաթղթեր չեն ներկայացվում:

Ծրագրում ներգրավվելու համար շահառուները, ըստ ընթացակարգի, իրենց ընտրությամբ կարող են դիմել անպտղության ծրագիրն իրականացնող, վերարտադրողաբանության գծով լիցենզիա ունեցող բժշկական 5 կազմակերպությունից որևէ մեկին`

1. «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ
2. «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ
3. «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ
4. «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոն
5. «Ֆերթիլիթի սենթր» ՍՊԸ

Դիմումների մուտքագրումը և հերթագրումը

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների մուտքագրումն ու հերթագրումն իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի` կենտրոնացված ընթացակարգով, միասնական առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով` այն կազմակերպության կողմից որին դիմել է շահառուն:

Դիմումները մուտքագրվում են միայն այն դեպքում, եթե դիմումատուն համապատասխանում է վերը նշված հիմնական և լրացուցիչ պայմաններին և դիմումին կից ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը` լրիվ կազմով (այն թվում` նշված 5 խմբերից որևէ մեկին պատկանելու կարգավիճակը հավաստող հիմքերը): Նախատեսված փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմումատուն տեղեկացվում է և առաջարկվում է ներկայացնել բացակայող փաստաթղթերը:

Անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի շրջանակներում իրականացվելու են

1. անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում,

2. վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նպատակով մինչ արհեստական սերմնավորումն ու արտամարմնային
բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշմամբ սահմանված ծավալներով,

3. վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորման մեթոդով՝ սերմնավորման առավելագույնը 6 փորձ,

4. արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ սաղմերի ստացման դեպքում սաղմերի 2-րդ և 3-րդ տեղադրումներն արգանդի խոռոչ:

Արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձը կատարվում է պետության կողմից 50% մասնակցությամբ:

Ըստ բժշկական ցուցումների` ամուսնական զույգին կարող են տրամադրվել բուժօգնության հիշյալ բոլոր տեսակները:

Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ` Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը և սպասարկումը չի ներառում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար փոխհատուցման ծախսերը:

ՀՀ օրենքը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»
Հոդված 72. (մաս 1 և մաս 2)

1. Սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթների կիրառման իմաստով` զինծառայողներ են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, հանրապետական գործադիր մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք:

2. Զինծառայողներին հավասարեցված անձինք են`

1) մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վարժական հավաքների կանչված զինապարտները, ինչպես նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո
պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին մասնակցող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի, 69-րդ հոդվածի և 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ունեցող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասի, 65-րդ հոդվածի 3-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 67-69-րդ հոդվածների և 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-րդ բաժնի դրույթները, և հարկադիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները.

4) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի, 65-րդ հոդվածի 1-ին մասի, 67-69-րդ հոդվածների, 71-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթները, ինչպես նաև պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ, 65-րդ հոդվածի 1-ին մասի, 67-69-րդ հոդվածների դրույթները.

5) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները:

ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման Հավելված N 1

 Ց Ա Ն Կ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

Մարզը Համայնքը Բնակավայրը

ՀՀ Արարատի մարզ
Երասխ գ. Երասխ
Պարույր Սևակ
գ. Պարույր Սևակ
գ. Տիգրանաշեն
ՀՀ Գեղարքունիքի մարզ Ճամբարակ
ք. Ճամբարակ
գ. Վահան

ՀՀ Վայոց ձորի մարզ
Արենի
գ. Արենի
գ. Խաչիկ
Զառիթափ
գ. Խնձորուտ
գ. Սերս
գ. Նոր Ազնաբերդ
գ. Բարձրունի

ՀՀ Տավուշի մարզ
Նոյեմբերյան
ք. Նոյեմբերյան
գ. Բաղանիս
գ. Բարեկամավան
գ. Բերդավան
գ. Դովեղ
գ. Կոթի
գ. Ոսկեպար
գ. Ոսկեվան
Բերդ
գ. Այգեձոր
գ. Այգեպար
գ. Արծվաբերդ
գ. Մովսես
գ. Ներքին կարմիր աղբյուր
գ. Չինարի
գ. Չորաթան
գ. Պառավաքար
գ. Վերին կարմիր աղբյուր
Ազատամուտ գ․ Ազատամուտ
Այգեհովիտ
գ. Այգեհովիտ
գ. Կայան
Բերքաբեր գ. Բերքաբեր
Ծաղկավան (Իջևանի շրջ.) գ. Ծաղկավան
Կիրանց գ. Կիրանց
Կողբ գ. Կողբ
Սարիգյուղ գ. Սարիգյուղ
Սևքար գ. Սևքար
Վազաշեն գ. Վազաշեն

Ընդամենը 16 համայնք 38 բնակավայր

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել