Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման կազմակերպման հնարավորությունները` Ռուսաստանի խաղաղապահների, Ադրբեջանի և Հայաստանի հետ համագործակցությամբ:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Անտոնիո Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում: Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի՝ տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը օժանդակելու հնարավորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի խաղաղապահների հետ համագործակցությամբ», – հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, որ կազմակերպության մասնագետները պատրաստ են Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Լեռնային Ղարաբաղում` մարդասիրական օգնության չափը գնահատելու համար: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր՝ դեկտեմբերի 3-ին, տեղի ունեցած ճեպազրույցում ասաց, որ ՄԱԿ-ի ինտեգրացված գնահատման առաքելության խումբը պատրաստվում է մեկնել տարածաշրջան: