Իրավաբան․net-ն ու «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ»-ը կներկայացվեն Սթենֆորդի համալսարանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանում վաղը կկայանա Ստենֆորդի հայ ուսանողների և գործընկերների ժողով։ Ժողովը կազմակերպվելու է ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի, Ստենֆորդի հայ ուսանողների ասոցիացիայի, «ՀայԹեք»-ի և Ակադեմիական համագործակցության և աջակցության հայկական ասոցիացիայի (ARMACAD) ջանքերով: Այն նպատակ ունի խթանել Հայաստանի և ամբողջ աշխարհի հայության գիտա-տնտեսական զարգացման հնարավորությունները:

Ապրիլի 13-ի հանդիպմանը կմասնակցեն ծովածոցի շրջանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայ մասնագետներ, ուսանողներ և դասախոսներ, ինչպես նաև ARMACAD-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանը, Yevista ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Սլոյանը: Skype-ի միջոցով ուղիղ կապով հավաքին կմիանան հայկական iBooks-ի գլխավոր գործադիր տնօրեն, դոկտոր Ռուբեն Միրաքյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը, այդ թվում «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկության նախագահ և Իրավաբան.net կայքի հիմնադիր Կարեն Զադոյանը։

Նա կներկայացնի նոր հիմնադրված Իրավաբան.net իրավաբանական լրատվական կայքը, ինչպես նաև համագործակցության եզրեր կառաջարկի այն անձանց, ովքեր ցանկություն ունեն ձեռնարկատիրական գործունեություն ծավալել Հայաստանում, սակայն բավարար իրավական գիտելիքների չեն տիրապետում։

ARMACAD-ի տնօրեն, Երևանի պետական համալսարանի ավագ դասախոս, ներկայումս Սթենֆորդի համալսարանում հրավիրյալ դասախոս պրն․ Խաչիկ Գևորգյանը կներկայացնի իր կազմակերպությունը, իրականացվող և ապագա ծրագրերը։ Ներկայումս ARMACAD-ի գործում է առանց որևէ ֆինանսական աջակցության և զուտ կամավորական հիմքերով։ Պրն․ Գևորգյանը մասնավորապես կնշի նաև այն կազմակերպությունները, որոնք երբևէ չեն օժանդակել իրենց կազմակերպության դրամաշնորհային ծրագիր առաջարկներին՝ մասնավորապես «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի Երևանյան գրասենյակը։

Ներկաների ուշադրությանը կներկայացվի Հայստանում գործող մի քանի ձեռնարկատիրական ծրագրերի մասին տեղեկատվություն։
Yevista ընկերության հիմնադիր տնօրեն, դոկտոր Տիգրան Սլոյանը կներկայցնի yevista.am ինտերնետային կայքը, որը ներառում է Հայաստանում տեղակայված ձեռնարկատիրական ընկերությունների մասին տեղեկատվություն, ինչպես նաև կխոսի Հայաստանում այս բնագավառում առկա մարտահրավերների մասին։

ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը, որը նույնպես Երևանից Skype-ի միջոցով ուղիղ կապով կմիանա հավաքին, կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի հանրապետության դեմ ներկայացված գործերի մասին և Հայաստանի կողմից այդ գործերի քանակը նվազեցնելուն ուղղված ձեռնարկած միջոցառումների մասին։

Ըստ ARMACAD-ի ժողովը նպատակ ունի ուսումնասիրել և խթանել Հայաստանի և ամբողջ աշխարհի հայության գիտա-տնտեսական զարգացման հնարավորությունները և ուղիներ գտնել հզոր և աջակցող համայնք և գործընկերային ցանց ստեղծելու նպատակով Սթենֆորդի և ծովածոցի շրջանի հայերին մեկ ընդհանուր «Միության» մեջ ներգրավելու համար:

Քալիֆորնիայի, Բերքլիի և Միացյալ Նահանգների այլ համալսարանների հայ դասախոսներ և գիտնականներ նույնպես կմասնակցեն ժողովին:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել