Արդյո՞ք հնարավոր է շենքի վերին հարկում բնակարանի կառուցման դեպքում հիփոթեքային վարկի տոկոսների գումարների վերադարձ

Պետական եկամուտների կոմիտեն բազմաբնակարան բնակելի շենքի վերին հարկում բնակարանի կառուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի վերաբերյալ հարցի պատասխան է ներկայացրել։

Այսպիսով, ֆիզիկական անձը քաղաքապետարանի կողմից ստացել է շինարարության թույլտվություն իրեն և կնոջը սեփականության իրավունքով պատկանող բնակարանի վերևի մանսարդային հարկում բնակարան (առանձին մուտքով և առանձին հասցեով) կառուցելու համար: Տվյալ դեպքում արդյո՞ք ֆիզիկական անձը և իր կինը կարող են օգտվել  հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, իրենց կողմից կառուցվող բնակարանի համար վերցված հիփոթեքային վարկի սպասարկման նպատակով վճարված տոկոսների մասով:

Պատասխան.

Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի`

– 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները,

– 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:

«Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման» կարգը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017 թ. N 1321-Ն որոշմամբ: Մասնավորապես, կարգի 2-րդ կետի համաձայն` նույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերող, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան (այդ թվում` ավտոկայանատեղի, եթե այն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կցված է բնակարանին) ձեռք բերող, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերող, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների վրա` վերջիններիս կողմից նույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան գտնվելու վայրի հարկային մարմնի տարածքային բաժին ներկայացվելու դեպքում:

ՀՀ կառավարության 29.06.2017 թվականի թիվ 757-Ն որոշման`

– 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 16-րդ կետի համաձայն` մանսարդային հարկը հարկ է շենքի տանիքի ազատ տարածության մեջ, որտեղ պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացումն ապահովելու դեպքում տեղավորվում են բնակելի սենքեր, ստեղծագործական արվեստանոցներ, օժանդակ տարածքներ,

– 3-րդ կետի համաձայն` բազմաբնակարան շենքը շենք է, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք, և որի կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի կարող առանձնացվել բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջև,

– 4-րդ կետի համաձայն` բնակելի տունը տուն է բնակավայրի տարածքում, առանձին հողամասում, որն ունի առանձին փոստային համար և տնտեսական շինություններ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձինք օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձի իրավունքից կարող են օգտվել նույն հոդվածի 1-ին մասին համապատասխան բնակարան (անհատական բնակելի տուն) ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում և, հիմք ընդունելով այն փաստը, որ գրությամբ նշված դեպքում շինարարության թույլտվությունը տրվել է բազմաբնակարան շենքի մանսարդային հարկում բնակարան կառուցելու նպատակով, հայտնում ենք, որ բազմաբնակարան բնակելի շենքի վերին հարկում բնակարանի կառուցման նպատակով ստացված հիփոթեքային վարկի պայմանագրի մասով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձինք չեն կարող օգտվել օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձի իրավունքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել