ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստում գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության համար ներկայացված 6 կուսակցության և կուսակցությունների 1 դաշինքի ընտրական ցուցակները: Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի` ընտրական ցուցակները գրանցելու վերջնաժամկետն այսօր էր:

ՀՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված է 195 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

«Օրինաց երկիր» ընտրական ցուցակում ընդգրկված է 105 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը, ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 194 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, ՄԱԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, Առողջապահության նախկին փոխնախարար, ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրական ընտրական ցուցակում ընդգրկված է 42 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Զոյա Թադևոսյանը և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Արման Մուսինյանը:

«Առաքելության» ընտրական ցուցակում ընդգրկված է 29 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են կուսակցության քաղխորհրդի անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանուկ Սուքիասյանը և Հրաչ Սարգսյանը:

ՀՅԴ-ի ընտրական ցուցակում ընդգրկված է 65 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, փոխներկայացուցիչներ` ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանը։

«Բարև Երևան» դաշինքում ընդգրկված են «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Ժողովրդավարական ուղի», «Շրջադարձ» կուսակցությունները, թվով 64 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, վարչության անդամ Անահիտ Բախշյանը, «Մելտեքս» ՍՊԸ տնօրեն, «Ա1+» հ/ը ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը։

Երևանի ավագանու 2013թ.-ի ընտրությունները կկայանան մայիսի 5-ին:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար ընտրական գրավի սահմանված չափը 3 մլն դրամ է:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել