Կալանավորվել է հեռուստամեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրը. «Հրապարակ»

«Նախօրեին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչության բաժնի պետի տեղակալ Պետիկ Հակոբյանի միջնորդությունը` Ռուբեն Մնացականյանին կալանավորելու վերաբերյալ»,- հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:

«Նա Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի մեկնաբան Նվեր Մնացականյանի հարազատ եղբայրն է, ով 2001թ. հունվարի 1-ից մինչև 2010-ի դեկտեմբերի 30-ը զբաղեցրել է Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը:

Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր. 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պետությանը պատճառած շուրջ 85 մլրդ դրամ վնասի համար: Ռուբեն Մնացականյանը կենսաթոշակների յուրացման գործով մեղադրվող և այժմ կալանքի տակ գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով է անցնում՝ վերջինիս ստեղծած հանցավոր շղթայի մի օղակն է:

Եվ չնայած Ռ. Մնացականյանի մասով նախաքննությունը նոր թափ է հավաքում, Գյումրիում խոսում են, որ այս կալանավորումը քաղաքական պատվեր է: Ենթադրվում է, որ հեռուստամեկնաբանի եղբայրը, մինչև փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները, ստվերային քարոզչություն է իրականացրել ոչ իշխանական թեկնածուի օգտին, ինչն էլ աննկատ չի մնացել իշխանությունների աչքից»,-գրում է «Հրապարակ»-ը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել