Առաջին դասարանցիներն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, առաջին անգամ մտան դպրոց: Covid-19-ով պայմանավորված՝ նոր ուսումնական տարվա ընթացքում գործելու են մի շարք հակահամաճարակային կանոններ, որոնք պետք է պարդադիր պահպանվեն:
Իրավաբան.net-ն այսօր այցելել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի թիվ 57 դպրոց և Նելսոն Ստեփանյանի անվան հ. 71 հիմնական դպրոց` փորձելով ուսուցիչներից և երեխաներից ճշտել, թե ինչպիսի դժվարությունների են հանդիպել նրանք։
ՀՊՄՀ թիվ 57 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը ասաց, որ բոլորը դիմակները կրում են, իսկ թե ինչ կլինի հետո՝ իրենք էլ չգիտեն, բայց ամեն ինչ կանեն, որ ուսումնական տարին բարեհաջող ավարտեն և կրկին չանցնեն առցանց ուսուցման:
Դպրոցներն ամեն օր ախտահանվելու են, պարետատան ցուցումների համապատասխան հաշվով դիմակներ ունեն և դասարաններում, միջանցքներում կան ախտահանիչ նյութեր: Սակայն ոչ միշտ էին երեխաները դիմակը ճիշտ կրում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 11-ին հրաման է ստորագրել, որում նշված է, որ անձը դիմակը պետք է կրի այնպես, որ այն փակի քիթը և բերանը՝ առանց ճեղքերի դեմքի և դիմակի միջև: Օգտագործման ժամանակ դիմակին չի կարելի հպվել, հպվելու դեպքում ձեռքերը պետք է մշակվեն սպիրտ պարունակող միջոցով և լվացվեն օճառով:
Նշենք նաև, որ երեխաները պետք է դպրոց հաճախեին մեկ ծնողի ուղեկցությամբ, սակայն շատերը դպրոց եկել էին, ոչ միայն ծնողների, այլ որոշ դեպքերում անգամ տատիկների և պապիկենրի հետ:
Երբ հրապարակվեցին դպրոց հաճախելը կարգավորող պարետատան ցուցումները, ծնողներից շատերը դժգոհում էին դրանցից, սակայն այսօր այս 2 դպրոցներում առաջին դասարանցիների շրջանում բացականեր չեն եղել։
Եթե դասապրոցեսի ժամանակ երեխաները դժվարանում էին շնչել, ուսուցչի թույլատվությամբ մոտենում էին պատուհանին։