– Նոտարը, մինչև փաստաթղթի վավերացումը կամ հաստատումը, իրավունք ունի ուղղել փաստաթղթերում տեղ գտած ակնառու լեզվական և տպագրական սխալները, ընդ որում, ուղղումները պետք է կատարվեն այնպես, որպեսզի բոլոր սխալ գրվածները և ապա ուղղվածները հնարավոր լինի կարդալ նախնական տեքստում: Դրա համար վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերում թվի մեջ թվանշան կամ բառի մեջ տառ բաց թողնված լինելու կամ թիվը կամ բառը սխալ գրված լինելու դեպքերում դրանք վերցվում են օղակի մեջ, իսկ անմիջապես դրանց վերևում գրվում է լրիվ ճիշտ թիվը կամ բառը:
Փաստաթղթի վավերացումից կամ հաստատումից հետո նոտարը կամ նոտարական գործողություններին մասնակցած անձինք իրավունք չունեն ուղղումներ կատարել վավերացված կամ հաստատված փաստաթղթում:
Նոտարը կամ նոտարական գործողություններին մասնակցած անձինք իրավունք չունեն փոփոխություններ կամ լրացումներ կատարել վավերացված կամ հաստատված փաստաթղթում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նշված պահանջների խախտմամբ կատարված ուղղումները, փոփոխություններն ու լրացումներն առ ոչինչ են:
Կենտրոն տարածքի նոտար
Հասմիկ Հարությունյան
«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:
Աղբյուր՝ Իրավաբան.net