Արդեն նշել ենք, թե որ գործողությունների համար է գանձվում տեղական տուրք:
Այժմ տեսնենք, թե ինչպես է այն հաշվարկվում և գանձվում:
Տեղական տուրք և (կամ) վճար գանձող մարմինների պաշտոնատար անձինք տեղական տուրքի կամ վճարի հաշվարկն իրականացնում և տեղական տուրքը կամ վճարը գանձում են նախքան այդ լիազորությունների կամ գործողությունների իրականացումը` ելնելով օրենքին համապատասխան սահմանված տեղական տուրքի կամ վճարի դրույքաչափերից:
Նշենք, որ տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի արտոնություններ համայնքի ղեկավարի ներկայացմամբ կարող է սահմանել համայնքի ավագանին` տեղական տուրք կամ վճար վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարելով տեղական տուրքը կամ տեղական վճարը:
Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի ավել մուծված գումարները ենթակա են վերադարձման` տեղական տուրք և (կամ) վճար վճարողի դիմումի հիման վրա` դիմումը տալուն հաջորդող 30 օրվա ընթացքում:
Տեղական տուրքը և (կամ) վճարը ենթակա է վերադարձման` մասնակի կամ լրիվ, եթե`
ա) տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան սահմանել է համայնքի ավագանին.
բ) տեղական տուրք կամ վճար գանձող մարմինները մերժել են համապատասխան գործողությունների կատարումը կամ վճարողներին վերադարձրել են նրանց դիմումները:
Աղբյուրը՝ Իրավաբան.net