Օմբուդսմենի 2012 թվականի զեկույցը պատրաստ է: Ըստ օրենքի մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը պետք է ներկայացվի մինչև մարտի 31-ը: Այսօրվանից հանրությանը կներկայացվեն այդ զեկույցի առանձին հատվածներ, որոնք ներառում են կոնկրետ ոլորտներում առկա լրջագույն հիմնախնդիրները:
Եվ այսպես, Պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները:
- 2012 թվականի ընթացքում զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների և կանոնադրական փոխհարաբերությունների խախտման վերաբերյալ հայտնաբերվել են ընդհանուր թվով շուրջ 400 դեպքեր:
- Առողջական խնդիրներով զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները առհասարակ չեն տեղեկացվել իրենց զինվորական ծառայության հակացուցված ձևերի մասին:
- ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումների վերաբերյալ ստացվել է շուրջ 1000 դիմում-բողոք, որը վկայում է այն մասին, որ անձանց զորակոչելիս` մանրակրկիտ բուժհետազոտության արդյունավետ կազմակերպումը բժշկական հանձնաժողովներին չի հաջողվել:
- Որոշ դեպքերում առողջական խնդիրներով զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները զորամասերի հրամանատարության կողմից իրենց առողջական վիճակի հետ անհամատեղելի հրամաններ են ստացել և կատարել:
- Զորամասերում գրանցվել են ոչ պատշաճ բուժօգնության տրամադրման դեպքեր:
- ՀՀ զինված ուժերի որոշ սպաներ ցանկություն են հայտնել զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագիրը վաղաժամկետ լուծել, սակայն բարձրագույն հրամանատարական կազմը անհիմն ձգձգել է զեկուցագրի ստորագրումը:
- Չլուծված է մնացել շատ զինծառայողների բնակարանային պայմանների ապահովման խնդիրը:
- Գրանցվել են զինծառայողների կողմից քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորման մի շարք դեպքեր:
- Գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումները սահմանված կարգով չեն տրամադրվել անձանց:
- ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, իրենց գործառույթներն իրականացնելիս, առանձին դեպքերում թույլ են տվել իրենց պաշտոնական դիրքի չարաշահումներ:
Արձանագրված դրական զարգացումները
- 2012 թվականին ընդունվել է «Հայաuտանի Հանրապետության Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքը:
- Ըստ պաշտոնական տվյալների ընթացիկ տարում` նախորդ տարիների համեմատությամբ, նվազել են զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերը:
- Զինծառայողների կողմից կանոնագրքային կանոնների և կանոնադրական փոխհարաբերությունների խախտման դեպքերը կանխարգելելու նպատակով իրականացվել են պրոֆիլակտիկ և կանխարգելիչ բնույթի միջոցառումներ:
- 2012 թվականին թվով 157 զինծառայողներ ապահովվել են բնակարաններով, իսկ ծառայության վայրում ծառայողական բնակարանների բացակայության դեպքում զինծառայողների կողմից վարձակալված բնակարանների դիմաց պաշտպանության նախարարությունը տրամադրել է դրամական փոխհատուցում։
Աղբյուրը` Իրավաբան.net