«Քեզ չնեղացնելու համար ընդամենը 3000 ՀՀ դրամ ակտ եմ գրում». ՃՈ-ի հերթական թևավոր խոսքը

Վահե Հ.-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության “Ճանապարհային ոստիկանություն” ծառայության` ՀՀ ոստիկանության “Ճանապարհային ոստիկանություն” ծառայության 18.05.2012թ. թիվ ԱԳ 965095 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Հայցադիմումով հայցվորը նշել է, որ 18.05.2012թ.-ին ճանապարհային ոստիկանության կողմից իր ավտոմեքենան կանգնեցվել է Երևան-Աշտարակ մայրուղու վրա առանց հիմնավոր պատճառների։ Ոստիկանի ավտոմեքենան ընթացքում մոտեցել է իրեն և իր մեքենային հավասար երթևեկելով պահանջել է կանգնեցնել և իջնել ավտոմեքենայից, ինքը, ենթարկվելով ոստիկանի հրահանգին կանգնել է և ոստիկանի մոտենալուց հետո, հարցրել է, թե ինչ պատճառով են կանգնեցրել ավտոմեքենան, պատճառաբանել է, որ հայցվորը ավտոմեքենան վարել է առանց ամրագոտի օգտագործելու։ Հայցվորն առարկել է ասելով, որ ինքը նույնիսկ իջնելու պահին ամրագոտի էր կրում, սակայն իր առարկություններին ստացել է հեգնական և ի միջի այլոց պատասխաններ։ Իր փաստարկները և հիմնավորումները մատնվել են անուշադրության և արդյունքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը հայտնել է, որ “քեզ չնեղացնելու համար ընդամենը 3000 ՀՀ դրամ ակտ եմ գրում”, որից հետո կազմել է և հայցվորին է ներկայացրել վարչական իրավախախտման գործով ԱԳ N 965095 որոշումը, որը ոստիկանի ճնշման ազդեցության տակ ստորագրել է, սակայն ոստիկանի դիրքորոշման հետ համաձայն չի և նրա արածը լավություն չի կարող համարել։

ՀՀ ոստիկանության “Ճանապարհային ոստիկանություն” ծառայության 18.05.2012թ.-ի ԱԳ թիվ 965095 որոշմամբ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 8-րդ համաձայն, Վահե Հ.-ը ենթարկվել է վարչական տույժի` 3000 դրամ տուգանքի։

Դատաքննությամբ պարզվեց, որ իրավախախտման արձանագրման պահին ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից չի կիրառվել իրավախախտման հայտնաբերման և ամրագրման տեխնիկական միջոցը` տեսախցիկը, որպիսի տեխնիկական սարքի միջոցի կիրառման ժամանակ վարչական մարմինը հնարավորություն կունենար հաստատել վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը։

Դատարանը վճռեց Վահե Հ.-ի հայցը բավարարել։ Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության “Ճանապարհային ոստիկանություն” ծառայության 18.05.2012թ. կազմված ԱԳ թիվ 965095 որոշումը։

Սույն վճռի դեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան բողոք է բերել ՀՀ ոստիկանության ՃՈ-ն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել