Թույլատրվո՞ւմ է արդյոք օգտվել փոխնակ մոր ծառայություններից. Համեմատական անցկացնենք Հայաստանի և Եվրոպական երկրների օրենսդրությունների միջև

Այն երեխաները, որոնք ծնվել են փոխնակ մայրերի միջոցով, Ֆրանսիայում չեն ընդունվելու: Նման որոշում վերջերս ընդունել է Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը` Սիլվի և Դոմինիկ ամուսնական զույգի հայցի վերաբերյալ գործով:

Այն բանից հետո, երբ բժիշկները Սիլվիի մոտ ախտորոշել էին անպտղություն, ամուսնական զույգը մեկնել էր ԱՄՆ` փոխնակ մայր գտնելու համար: 2000թ. փոխնակ մոր միջոցով և օգնությամբ Սիլվին և Դոմինիկը զույգ երեխա ունեցան, բայց երբ ամուսինները երեխաների հետ վերադարձան Ֆրանսիա, իշխանությունները հրաժարվեցին երեխաներին Ֆրանսիայի քաղաքացիություն տալ:

Ֆրանսիայի իշխանությունները բազմիցս բացասական գնահատական են տվել փոխնակ մայրերի միջոցով երեխա ունենալու ֆրանսիացիների ցանկությանը:

Մեկ այլ ամուսնական զույգ էլ ուկրաինացի կնոջ միջոցով երեխաներ ունենալով փորձել է նրանց անօրինական ճանապարհով տեղափոխել Ֆրանսիա, ինչի համար երեխաներին քնաբեր է տվել և փորձել թաքցնել մեքենայում, բայց Ուկրաինայի և Հունգարիայի սահմանին բացահայտվել է, որ մեքենայում երեխաներ կան:

Նշենք, որ փոխնակ մոր ծառայություններն արգելող օրենք կա ոչ միայն Ֆրանսիայում, այլև Արևմտյան Եվրոպայի մի շարք այլ երկրներում, ի դեպ, օրենքով պատասխանատվություն է սահմանված ոչ միայն ապագա ծնողների, այլև փոխնակ մոր համար:

«Հայաստանում օրենքը թույլ է տալիս օգտվել փոխնակ մոր ծառայություններից»,-Իրավաբան.net-ին հայտնում, է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

Հայաստանում փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նաև վերարտադրողական տարիքի (18 տարեկանից սկսած) այն կանայք, ովքեր ցանկանում են կրել հարազատների կողմից տրամադրված սաղմով հղիությունը, ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կինը կարող է փոխնակ մայր լինել ամուսնու համաձայնությամբ:

Փոխնակ մայր չի կարող լինել այն կինը, որի փոխնակ մայր լինելը հակացուցված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած բժշկական ցուցումներով:

Փոխնակ մայրը միաժամանակ չի կարող լինել ձվաբջջի դոնոր:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել