Մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի կողմից նրան հետագա ներում շնորհելու ոչ իրավաչափ լինելը բարձրաձայնելու համար Արդարադատության նախարարությունը միջազգային իրավունքի տեսանկյունից այդ գործողությունը բարձրաձայնելու համար ձեռնարկել է մի շարք քայլեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը:
Մասնավորապես՝ 2012թ. հոկտեմբերի 9-ին Արդարադատության նախարարության կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով Քրեական ոլորտում համագործակցության վերաբերյալ ԵԽ Կոնվենցիաների կիրարկման հարցերով փորձագիտական խմբին ներկայացվել է դիմում, որով պահանջվում է քննարկել 1983թ. Դատապարտյալների փոխանցման մասին Ստրասբուրգի Կոնվենցիայի 12-րդ հոդվածի (համաներում և ներում շնորհելու իրավունք վերապահող)՝ Ադրբեջանի կողմից կիրառման իրավաչափությունը միջազգային իրավունքի տեսանկյունից: Նշված մարմինը հանդիսանում է Ստրասբուրգի Կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ առկա տարաձայնությունները քննելու իրավասություն ունեցող Քրեական խնդիրներով եվրոպական կոմիտեի փորձագիտական ենթակոմիտեն:
«Սկզբունքորեն որոշակի առաջընթաց ունեցել ենք հենց աշնանային նստաշրջանի ժամանակ և արդեն սպասում ենք այդ կոմիտեի հաջորդ հանդիպումներին, որտեղ աշնանային նստաշրջանի մեր հաջորդ հարցը լինելու է հենց Դատապարտյալների փոխանցման մասին 1983թ-ի Կոնվենցիայի կիրառմանը և նախորդ նստաշրջանի ժամանակ բարձրացված հարցին»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Հաջորդ քայլը, որն Արդարադատության նախարարությունը նախատեսում է անել, դա նախապատրաստվող դիմումի ներկայացնումն է ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման Կոմիտե: Այն ստեղծվել է 1965 թվականին Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիման վրա: Դիմումը կոմիտեին ներկայացվելու է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հիման վրա: Խտրականության դեմ Կոմիտեի ուշադրությանն են ներկայացվելու Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական խտրկանության քաղաքականության և, ընդհանրապես, հայերի նկատմամբ ատելության քարոզումը Ադրբեջանում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net