Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հուգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու, ապա Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու փաստի առթիվ 2004 թ-ին Բուդապեշտում սպանված Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները և մահափորձի ենթարկված զինված ուժերի սպան՝ Հայկ Մակուչյանն, անհատական գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը:
Գանգատում պահանջվում է ճանաչել, որ այդ գործողությունները խախտում են ՄԻԵԿ 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրացված հիմնարար իրավունքները:
Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ այսպիսի խայտառակ խախտում մինչ օրս ՄԻԵԴ-ը չի քննել: Այս գանգատն ու իրավիճակն աննախադեպ է:
Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների և մահափորձի ենթարկված զինված ուժերի սպան՝ Հայկ Մակուչյանի գանգատի ներկայացման գործում ներգրավված են փաստաբաններ Սիրանուշ Սահակյանը, Նարինե Գասպարյանը, Հունգարիայում ընթացած դատավարության ժամանակ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը և օտարերկրյա փաստաբանները:
Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարությունը վարույթում ներգրավվելու են որպես Երրորդ կողմ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի պահանջներին համապատասխան:
Տեղեկացնենք, որ ՄԻԵԴ գանգատ կարող են ներկայացնել կատարված փաստից հետո վեց ամսվա ընթացքում: Երեկ գանգատը ներկայացնելու վերջին օրն էր:
Աղբյուրը՝ Իրավաբան.net