Աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս` վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի երթևեկելի մասը հատող հետիոտների համար և պետք է ճանապարհը զիջի հեծանվային արահետով երթևեկող հեծանվորդներին:
Արգելվում է մուտք գործել խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը:
Կարգավորվող խաչմերումներ
Այն խաչմերուկը, որտեղ երթևեկության հերթականությունը որոշվում է կարգավորողի կամ լուսացույցի ազդանշաններով, համարվում է կարգավորվող:
Լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց ուղղությունից ուղիղ և դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցներին: Նույն կանոնով պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները միմյանց հետ:
Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկող վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից ընթացող տրանսպորտային միջոցներին:
Եթե կարգավորողի կամ լուսացույցի ազդանշանները թույլատրում են տրամվայի և ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների միաժամանակյա երթևեկություն, ապա, անկախ շարժման ուղղությունից, երթևեկության առավելություն ունի տրամվայի վարորդը: Սակայն լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում տրամվայի վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին:
Վարորդը պետք է ճանապարհը զիջի երթևեկելի մասի հատումը դեռևս չավարտած տրանսպորտային միջոցներին և չխոչընդոտի հետիոտներին ավարտելու խաչմերուկի անցումը, եթե անգամ արդեն միացել է լուսացույցի թույլատրող ազդանշանը:
Չկարգավորվող խաչմերուկներ
Այն խաչմերուկը, որտեղ բացակայում է լուսացույցը կամ կարգավորողը, չի աշխատում լուսացույցը, կամ միացված է լուսացույցի դեղին թարթող ազդանշանը, համարվում է չկարգավորվող:
Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից:
Եթե գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը, ապա դրանով ընթացող վարորդներն իրենց գործողություններում միմյանց նկատմամբ ղեկավարվում են հավասարազոր ճանապարհների խաչմերուկի անցման կանոններով: Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն երկրորդական ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները:
Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները: Այդպիսի խաչմերուկում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:
Աղբյուր՝ Իրավաբան.net