ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանվում են քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքերը:
Օրենքի համաձայն, քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն:
Անգործունակ ճանաչված քաղաքացու անունից գործարքներ է կնքում նրա խնամակալը:
Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով քաղաքացին անգործունակ է ճանաչվել, դատարանը նրան գործունակ է ճանաչում: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է նրա նկատմամբ սահմանված խնամակալությունը:
Արդեն 32-րդ հոդվածով սահմանվում է քաղաքացու գործունակությունը սահմանափակելը, որի համաձայն ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը կարող է դատարանով սահմանափակվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է հոգաբարձություն:
Նա իրավունք ունի ինքնուրույն կնքել միայն մանր կենցաղային գործարքներ:
Նա կարող է կնքել այլ գործարքներ, ինչպես նաև ստանալ աշխատավարձ, կենսաթոշակ և այլ եկամուտներ ու տնօրինել դրանք միայն հոգաբարձուի համաձայնությամբ: Նման քաղաքացին ինքնուրույն գույքային պատասխանատվություն է կրում իր կնքած գործարքների և պատճառած վնասի համար:
Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով սահմանափակվել է քաղաքացու գործունակությունը, դատարանը վերացնում է նրա գործունակության սահմանափակումը: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը: