Այսօր` հունվարի 24-ին, Շիրակի մարզի ընդհանուր իարավասության դատարանում կայացավ ազգությամբ աբխազ, ՀՀ քաղաքացի Աղասի Բարցիցի քրեական գործի քննությունը: Նա մեղադրվում է այն բանի համար, որ 2012թ. տարբեր ամիսներին ք. Գյումրիում տեղակայված ռուսական զորամասի` Ռուսաստանի Դաշնության ութ զինծառայողներից կատարել է բացահայտ հափշտակություն. զրույցի է բռնվել վերջիններիս հետ և զանգելու պատրվագով հափշտակել է վերջիններիս բջջային հեռախոսները պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դատական նիստին ներկա էին մեղադրող, Շիրակի մարզի դատախազության դատախազ Վահե Միրզոյանը, ամբաստանյալը և վերջինիս շահերի պաշտպանը: Դատական նիստին չէին ներկայացել տուժողները: Կողմերը առաջարկեցին դատական նիստը շարունակել տուժողների բացակայությամբ, մինչև վերջիններիս ներկայության անհրաժեշտության առաջացումը:
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալը միջնորդեց կիրառել դատական քննության արագացված կարգ: Դատարանը վերջինիս պարզաբանեց դատաքննության արագացված կարգ կիրառելու հետևանքները` նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև պարզաբանեց պատժի նշանակման առանձնահատկությունները: Դատարանը նշեց, որ մեղադրական եզրակացությունը հաստատելու ժամանակ մեղադրողը առարկել է դատական քննության արագացված կարգ կիրառել, ուստի և խնդրեց մեղադրողին պարզաբանել իր դիրքորոշումը: Մեղադրողը նշեց, որ քանի որ ամբաստանյալը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել ոչ բոլոր դրվագներով, ուստի օրենքն այդ պարագայում թույլ չի տալիս արագացված կարգ կիրառել, հետևաբար մեղադրականում առարկել է: Մեղադրողը դիրքորոշումը փոխելու համար ամբաստանյալից հարցրեց, թե վերջինս իրեն մեղավոր ճանաչում է արդյոք առաջադրված մեղադրանքի բոլոր` ութ դրվագներով: Ամբաստանյալն իրեն մեղավոր ճանաչեց բորոր դրվագներով և պնդեց իր միջնորդությունը:
Մեղադրողը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը և դատարանը դարձյալ պարզեց, թե արդյոք ամաստանյալն իրեն մեղավոր է ճանաչում և արդյոք պնդում է դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին:
Դատարանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը դատական քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ: Հետևաբար անհրաժեշտություն առաջացավ տուժողների դիրքորոշման պարզաբանումը միջնորդության կապակցությամբ: Այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 6-ը, ժամը 12:00-ն:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net