Որտե՞ղ, ո՞վ կարող է դիմել ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացին դիմում ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարություն, իսկ օտարերկրյապետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից:

Ո՞վ կարող է դիմել

Տեղեկանք ստանալու նպատակով հյուպատոսական հիմնարկ կարող է դիմել՝

  1. անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը (այսուհետ՝ հայցող).
  2. հայցողի կողմից լիազորված անձը։

Ընդ որում, հայցողը կարող է լինել ՀՀ-ում մշտական բնակության վայր ունեցող (ունեցած), ինչպես նաև ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) ՀՀ քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը:

Ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն

Տեղեկանք ստանալու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում՝

Հայցողի կողմից

  1. դիմում
  2. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ)
  3. պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր (E-Payments համակարգով վճարելու դեպքում՝ PIN կոդը):

Լիազորված անձի կողմից

  1. դիմում
  2. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ)
  3. հայցողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը
  4. հայցողի կողմից տրված պարզ լիազորագիրը* և հայցողի ամուսնության համար արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության հավաստման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ գրավոր հայտարարություն՝ ստորագրված հայցողի կողմից.
  5. պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր (E-Payments համակարգով վճարելու դեպքում՝ PIN կոդը):

Ամուսնալուծված լինելու կամ ամուսնու մահվան դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև տվյալ փաստը հավաստող փաստաթուղթը:
Այն փաստաթղթերը, որոնք տրվել են օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից, պետք է ներկայացվեն ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Օտար լեզվով կազմված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն թարգմանությամբ։

* – պարզ լիազորագիրը ստորագրվում է հայցողի կողմից և նոտարական վավերացում չի պահանջվում

Որքա՞ն է կազմում պետական տուրքը

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքի համար օրենքով սահմանված պետական տուրքը հրապարակված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում, տես՝ 6.2 կետ:
Տեսնել պետական տուրքի սակագները:

Ինչպե՞ս վճարել

Տեղեկանքի համար սահմանված պետական տուրքը վճարելու նախընտրելի տարբերակը պետական վճարումների E-Payments համակարգի միջոցով առցանց վճարումն է: E-payments համակարգով վճարում կատարելու համար անհրաժեշտ է VISA, MasterCard, American Express, Discover բանկային քարտ կամ PayPal հաշիվ:
Վճարումը կատարելու համար անհրաժեշտ է ստորև նշված էջում ընտրել այն հյուպատոսական հիմնարկը, ուր պատրաստվում եք դիմել և կատարել վճարում.

Վճարման քայլերի նկարագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Վճարումը հնարավոր է կատարել նաև տվյալ հյուպատոսական հիմնարկի բանկային հաշվին, իսկ որոշ երկրներում նաև տեղում:

Ի՞նչ ժամկետում է տրամադրվում տեղեկանքը

Տեղեկանքը տրամադրվում է առավելագույնը 18 աշխատանքային օրվա ընթացքում: Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկություններն ստուգելու անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է ՀՀ արդարադատության նախարարի կամ վերջինիս կողմից լիազորված անձի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել ևս յոթ աշխատանքային օրով:

Ինչպե՞ս տեղեկանքը ստանալ առավել կարճ ժամկետում

ՀՀ արդարադատության նախարարության կողմից հայցողի ընտանեկան կարգավիճակի ստուգումը և դրա հիման վրա հյուպատոսական հիմնարկի կողմից տեղեկանքի տրամադրումը կատարվում է առավել կարճ ժամկետում՝ պետական տուրքից բացի լրացուցիչ ծառայությունների համար սահմանված վճարումը կատարելու դեպքում.

Տրամադրման ժամկետը Վճարի չափը Վճարման հղումը
6 աշխատանքային օր 12,000 ՀՀ դրամ Վճարել ծառայության վճարը
7 աշխատանքային օր 8,000 ՀՀ դրամ Վճարել ծառայության վճարը
8-9 աշխատանքային օր 5,000 ՀՀ դրամ Վճարել ծառայության վճարը

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մատուցվող ծառայությունների վճարը հնարավոր է վճարել միայն E-Payments համակարգի միջոցով:

Եթե հայցողը ցանկանում է տեղեկանքը ստանալ առավել կարճ ժամկետում, ապա անհրաժեշտ է նախապես կատարել լրացուցիչ ծառայության վճարը և դիմումի հետ միասին ներկայացնել հյուպատոսական հիմնարկ:

Ի՞նչ լեզվով է տրամադրվում տեղեկանքը

Տեղեկանքը տրամադրում է հայերենով և անգլերենով (կամ հյուպատոսական հիմնարկի գտնվելու պետության լեզվով)` հաստատված հյուպատոսական հիմնարկի կնիքով*.

* – Ընտանեկան կարգավիճակի մասին ապոստիլով հաստատված տեղեկանք տրամադրում է միայն ՀՀ արդարադատության նախարարությունը (Հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/8):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել