Ո՞ր բուհն ավարտելուց հետո կարելի է ծառայության անցնել ԱԱԾ-ում

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներն ու սահմանապահ զորքերն երիտասարդ և բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող զինծառայողներով համալրելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայի, Կալինինգրադի ու Կուրգանի սահմանապահ ինստիտուտների հետ ստորագրված համաձայնագրերի հիման վրա կազմակերպում է ՀՀ քաղաքացիների ուսուցում նշված բուհերում:

ՌԴ ԱԴԾ ակադեմիա և Կուրգանի սահմանապահ ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են իրավաբանի, իսկ Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտում` ինժեների որակավորում, որից հետո որպես սպա զինվորական ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումներում և սահմանապահ զորքերում:
Ուսման տևողությունը 5 տարի է: Այդ ընթացքում կուրսանտներն ապահովվում են բուհերի տարածքում տեղակայված հանրակացարանով և կրթաթոշակով:

Ընդունելությանը կարող են մասնակցել միջնակարգ և ավագ դպրոցների ավարտական դասարանների 16-18 տարեկան, ինչպես նաև միջնակարգ կրթությամբ և պարտադիր զինվորական ծառայություն անցած 20-22 տարեկան ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ազատ տիրապետում են հայերենին և ռուսերենին ու իրենց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ և անձնական տվյալներով ունակ են կատարելու ՀՀ ԱԱԾ զինծառայողի պարտականությունները:

Ընդունելությունը իրականացվում է մրցութային հիմունքներով` ՀՀ ԱԱԾ-ում անցկացվող համապատասխան բարդության աստիճանի հետևյալ քննությունների հիման վրա`

1. հարցազրույց ռուսերենով
2. ռուսաց լեզու (գրավոր` փոխադրություն)
3. հայոց լեզու (գրավոր` թելադրություն)
4. մաթեմատիկա – Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտ
5. օտար լեզու (բանավոր) – ՌԴ ԱԴԾ ակադեմիա և Կուրգանի սահմանապահ ինստիտուտ
6. ընդհանուր կրթամակարդակի ստուգում թեստավորման միջոցով
7. ֆիզիկական պատրաստվածության ստուգում:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԱԱԾ ընդունարան` ք.Երևան, Նալբանդյան 104 հասցեով կամ զանգահարել 010 57 91 77 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել