Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր
Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`
- մինչև 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված (այսուհետ` սահմանամերձ համայնքներում հաշվառված) անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
Իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով բացառություններ կամ որևէ այլ արտոնություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:
«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրի 4-րդ մասով սահմանվել է ավանդի դիմաց փոխհատուցման չափի որոշման սանդղակը, որը ներկայացվում է ստորև.
Ավանդի գումարի չափը (խորհրդային ռուբլով) |
Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀդրամով) |
1000-ից ոչ ավելի | Ավանդի գումարը x 84 |
1001-ից մինչև 3000 (ներառյալ) | 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4) |
3001-ից մինչև 5000 (ներառյալ) | 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8) |
5001-ից մինչև 10000 (ներառյալ) | 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8) |
10000-ից ավելի | 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4) |
Հետևաբար, փոխհատուցման իրավունք ունեցող և հաշվառված յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն հաշվել իրեն հասանելիք փոխհատուցման գումարի չափը։
Նյութը թարմացվել է 2020 թվականի ապրիլի 1-ին։