Անշարժ գույքի հարկ վճարողները

Անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ինչպես նաև բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի` բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի մասով:
Մշտական օգտագործման տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողի համար անշարժ գույքի հարկը վճարում է պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողը:
Եթե հարկման օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա անշարժ գույքի հարկի գծով սույն բաժնով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն, բացառությամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող այն հողամասերի, որոնցում առկա են տարբեր հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի միավորներ` շենքեր և (կամ) շինություններ: Տարբեր հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի միավորներով ծանրաբեռնված` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասերի մասով անշարժ գույքի հարկի գծով սահմանված պարտավորությունների համար նրանք պատասխանատվություն են կրում հավասար չափով:
Եթե հարկման օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա անշարժ գույքի հարկի գծով սահմանված պարտավորությունների համար նրանք պատասխանատվություն են կրում յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել