Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 126-րդ հոդվածի՝
1․ Որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը որդեգրողների և նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին։
2. Որդեգրվածներն իրենց ծնողների (ազգականների) նկատմամբ կորցնում են անձնական ոչ գույքային և գույքային իրավունքները և ազատվում են պարտականություններից։
3. Երեխային մեկ անձի կողմից որդեգրելիս անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներն ու պարտականությունները կարող են պահպանվել մոր ցանկությամբ, եթե որդեգրողը տղամարդ է, կամ հոր ցանկությամբ, եթե որդեգրողը կին է։
4. Եթե որդեգրվող երեխայի ծնողներից մեկը մահացել է, ապա մահացած ծնողի (երեխայի պապի կամ տատի) խնդրանքով կարող են պահպանվել անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներն ու պարտականությունները մահացած ծնողի ազգականների նկատմամբ, եթե այդ են պահանջում երեխայի շահերը։
Մահացած ծնողի ազգականների՝ որդեգրված երեխայի հետ շփման իրավունքն իրականացվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով, համաձայն որի՝
1. Երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ։
2. Մերձավոր ազգականների հետ երեխային շփվելու հնարավորություն տալուց ծնողների կամ նրանցից մեկի մերժման դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է պարտավորեցնել ծնողներին կամ նրանցից մեկին` չխանգարելու այդ շփմանը։
3. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն կատարում խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը, երեխայի մերձավոր ազգականները կարող են երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու հայցով դիմել դատարան։ Դատարանը վեճը լուծում է՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։
5. Որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու մասին նշվում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ։
6. Երեխայի որդեգրման՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված իրավական հետևանքները վրա են հասնում` անկախ այդ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ որդեգրողին որպես ծնող գրառելուց։
7. Նորածին երեխա որդեգրած կինն ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հետծննդյան արձակուրդի և սահմանված այլ արտոնությունների իրավունք: