Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի ապրուստը հոգալու, երեխային պահելու համար անհրաժեշտ անձնական հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի, հագուստի, կոշիկի, անկողնային պարագաների, սննդի, խաղալիքների, խաղերի, գրքերի և այլ գրենական պիտույքների ու կահույքի ձեռքբերման, ջեռուցման, լուսավորության, ջրմուղ-կոյուղու և այլ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման համար խնամատար ծնողին յուրաքանչյուր ամիս վճարվում են դրամական միջոցներ:
Երեխային պահելու համար խնամատար ծնողին տրամադրվող ամսական դրամական միջոցների վճարումն իրականացվում է խնամատար ընտանիքի բնակության վայրի մարզպետի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետի և խնամատար ծնողի միջև կնքված` «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցները խնամատար ընտանիքին տրամադրելու մասին» պայմանագրի հիման վրա:
Խնամատար ընտանիքին երեխային պահելու համար տրվող ամսական դրամական միջոցները մեկ երեխայի հաշվարկով կազմում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մանկատներում մեկ երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափով, երկու երեխայի համար` մեկ երեխայի համար հաշվարկված գումարի 150 տոկոսի, իսկ երեք և ավելի երեխաների համար` 200 տոկոսի չափով: