ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ դատական համակարգի խնդիրներին:
«Ինձ զեկուցում են, որ Հայաստանի դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում: Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու»,- ասաց նա:
«Հարց է ծագում, ինչո՞ւ է հայտնվել կաթվածահար վիճակում, որովհետև դատավորները չգիտեն՝ ինչ անել և ինչպես վարվել, իսկ ինչո՞ւ չգիտեն, որովհետև նրանք, ըստ ամենայնի, սովոր են գործել հրահանգներով: Գաղափարներ են հնչում, թե միգուցե իմաստ չունի կաթվածահար անել դատական համակարգը և օգնել կողմնորոշվելու այս կամ այն հարցում:
Դա ինձ համար կարմիր գիծ է և չեմ կարող թույլ տալ, որ մեր իշխանության, ու ընդհանրապես որևէ իշխանության ներկայացուցիչ հատի այդ գիծը, որովհետև անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է ապահովենք երկու բան. առաջինը՝ հնարավորություն տանք, որ դատավորներին իրենց լիազորությունների շրջանակներում որոշումներ կայացնեն, և երկրորդը՝ փակենք նրանց կողմից կաշառքով հարց լուծելու բոլոր ճանապարհները»,-ասաց նա:
Նրա խոսքով, յուրաքանչյուր դատավոր պետք է իմանա, որ ով գործի կաշառքով, «իր ետևից գնալու են»:
Փաշինյանը նաև հուսով է, որ հասարակությունը կպաշտպանի այն մոտեցումը, որ որևէ իշխանավոր իրավունք չունի դատավորին որևէ գործով հրահանգ տալ:
«Օրենսդրությամբ դատավորները գործունեության որոշակի երաշխիքներ ունեն, և նրանք այդ երաշխիքներից պետք է օգտվեն, ցանկացած գործով կայացնեն օբյեկտիվ դատավճիռ՝ հիմք ընդունելով իրենց ձեռքի տակ եղած ապացույցները: Եվ այս կանոնը, որևէ կերպ, իմ համոզմամբ, խախտել չի կարելի»,-ընդգծեց վարչապետը:
Նրա խոսքով, հանուն և ոչ մի նպատակի չպետք է խախտել այդ կանոնը. «Կարծում եմ, եթե մեկ-երկու անգամ խախտես կանոնը, դա հետագայում կդառնա ուղղակի սովորություն՝ սրանից բխող բոլոր բարդ հետևանքներով: ՀՀ-ում որևէ մեկը իրավունք չունի դատական համակարգի գործերին միջամտել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: