Այսօր՝ ապրիլի 6-ին, տեղի ունեցավ բիզնես շահերը ներկայացնող կառույցների կողմից համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Հուշագրի ստորագրմամբ ստեղծվեց Ազգային ժողովի և ՓՄՁ-ների միջև երկխոսությունն ապահովող մարմին՝ ՓՄՁ համագործակցության խորհուրդը:
Այսպիսով, բիզնեսի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները գալիս են համաձայնության, հիմնադրելու պետություն-մասնավոր հատված երկխոսության համար մի նոր հարթակ, որն ուղղված է լինելու ուժեղացնել ԱԺ պատգամավորների և ՀՀ-ում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների կապը, լուծելու վերջիններիս օրենսդրական խնդիրները:
«Մենք փորձ ենք անում ուժեղացնել մեր օրենսդիր մարմինը, քանի որ մենք բոլորս գիտենք, որ այդտեղ ունենք խեղաթյուրված պատկեր: Վերլուծությունները ուսումնասիրելով հասկանում ենք, որ օրենսդրական նախաձեռնություններից 10-ից 7-ի դեպքում գործադիր մարմնի կողմից բերված նախագծերն են և նրանք չեն կարող օբյեկտիվ լինել, քանի այդ կանոնները, օրենքները կիրառողները հենց նրանք են»,-նշեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյան:
Այս պահին հուշագրի ստորագրմանը միացել են թվով 11 կառույց:
Դրանք են՝
- ՓՄՁ համագործակցության ասոցիացիան,
- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը,
- Հայաստանի տրանսպորտային առաքողների միությունը,
- Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատը,
- Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատը,
- Լոռու մարզի առևտրաարդյունաբերական պալատը,
- Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան,
- Հայաստանի գյուղատնտեսական դաշինքը,
- Հայ-բրիտանական գործարարության պալատը,
- Եվրոպական բիզնես ասոցիացիան,
- Վայոց Ձորի առևտրաարդյունաբերական պալատը:
«Հուշագրի ստորագրումով հույս ունենք լուծել փոքր և միջին ձեռնարկությունների խնդիրները, որպեսզի նրանց ձայնը հասանելի դառնա պետական կառույցներին՝ օրենքներ քննարկելիս, դրանցում փոփոխություններ կատարելիս և նոր օրենքներ ընդունելիս: Իմ կարծիքով, այս կառույցի ստեղծումից հետո ՓՄՁ-ները ավելի մեծ հնարավորություն կունենան իրենց հուզող հարցերը բարձրացնելու, պետական մակարդակում քննարկումներ անելու»,-նշեց Հայ-բրիտանական գործարարության պալատի գործադիր տնօրեն Նաիրա Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում