Իշխանությունները պարտավոր են անհապաղ իրականացնել հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումներ. «Առավոտ»

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կարծում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի եւ վերջին օրերի արդյունքները միայն այդ կերպ կարելի է հաղթահարել:

– Պարոն Զադոյան, մոտ մեկ ամիս առաջ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստում ներկայացրել եք ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ կառավարություն-հասարակական կազմակերպություններ համատեղ աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները եւ դրա հիման վրա մշակված առաջարկությունները, որոնք վարչապետը հավանության էր արժանացրել: Այլ քայլեր հետեւե՞լ են դրան: Հաշվարկե՞լ եք նաեւ հնարավոր հակազդեցությունները:

– Իրավաբանների հայկական ասոցիացիան արդեն մոտ ութ տարի է, ինչ բարձրաձայնում է Հայաստանում ապօրինի հարստացման քրեականացման խնդիրը: Այս խնդիրը լուծելու նպատակով 2105թ.-ի սեպտեմբերի 23-ին քաղաքացիական հասարակությունը՝ ի դեմս Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, եւ պետությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, համատեղ հայտարարություն ստորագրեցին, որի շրջանակներում նախատեսվում էր Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացնելու եւ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ համատեղ հակակոռուպցիոն 2 աշխատանքային խմբեր ստեղծել: 2016թ.-ի հունվարի 22-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով վերոհիշյալ 2 աշխատանքյաին խմբերը ստեղծվեցին, որի մեջ ներառվեցին ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցայի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի եւ գործընկեր այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի եւ Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետների կողմից ուսումնասիրվեց ապօրինի հարստացման քրեականացման միջազգային փորձը 20 կտրվածքով եւ առաջարկվեց Հայաստանում քրեականացնել ապօրինի հարստացումը, որը աշխատանքային խմբի կողմից հաստատվելուց հետո սույն թվականի հունիսի 17-ին իմ կողմից ներկայացվեց ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին:

ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարարին երկամսյա ժամկետում շահագրգիռ ՔՀԿ-ների հետ մշակել Հայաստանում ապօրինի հարստացման քրեականացման օրենսդրական փաթեթը եւ ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը` ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու համար: Հուլիսի 27-ին ապօրինի հարստացման քրեականացման օրենսդրական փաթեթի նախագիծը, որը մշակվել է մեր կազմակերպության հետ համատեղ, ՀՀ արդարադատության նախարարության կողմից արդեն դրվել է շրջանառության մեջ եւ նախատեսվում է այն կառավարությանը ներկայացնել մինչեւ օգոստոսի վերջ: Օրենսդրական փաթեթը մշակելուց հաշվի են առնվել բոլոր ռիսկերն ու հակազդեցությունները: Ներկայումս Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան այս նպատակով նախատեսում է իրականացնել ակտիվ խորհրդատվական հանդիպումներ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ` ապօրինի հարստացման եւ Հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից առաջարկված հակակոռուպցիոն մյուս բարեփոխումներին սատարելու նպատակով: Այս առումով հուլիսի 12-ին համագործակցության հուշագիր ենք ստորագրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ: Մի բան հստակ է, որ մեր երկրում ի վերջո պետք է վերջ դրվի ապօրինի հարստացմանը, գծվի բաժանարար գիծը, եւ այդտեղից սկսած ապօրինի հարստացումը պետք է քրեորեն պատժվի: Ապրիլյան քառօրյա պատերազմը եւ վերջին դեպքերը փաստում են, որ իշխանությունները պարտավոր են անհապաղ իրականացնել հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումներ, այդ թվում՝ քրեականացնել ապօրինի հարստացումը Հայաստանում` օր առաջ ապահովելու հանրային սպասումների ու ակնկալիքների իրականացումը:

– Վերահսկիչ պալատի վերջին տարիների ուսումնասիրությունները փաստում են, որ կոռուպցիոն բավականին մեծ ռիսկեր կան պետգնումների ոլորտում: Առաջարկ եղա, թափանցիկության համար պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտը ներդնել եւ օֆշորային գոտիներից պետական գնումներին մասնակցության արգելք սահմանել: Դա իրատեսական եւ իրականանալի՞ եք համարում: Եվ միայն դա բավարա՞ր քայլ է:

– Դուք ճիշտ եք, պետական գնումների ոլորտում առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր, եւ Վերահսկիչ պալատը նույնպես անդրադարձել է այդ խնդրին: Իրավաբանների հայկական ասոցիացիան եւ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կառավարությանը առաջարկել են վերջնական սեփականատերերի ինստիտուտը ներդնել եւ օֆշորային գոտիներից պետական գնումներին մասնակցության արգելք սահմանել Հայաստանում: Այս հարցը նույնպես ես ներկայացրել եմ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերջին նիստում: Այս փուլում որոշում կայացվեց ներդնել վերջնական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը, իսկ օֆշորային գոտիներից պետական գնումներին մասնակցության ուղղակի արգելքի սահմանումը այս փուլում կառավարությունը նպատակահարմար չգտավ, այլ այդ ռիսկը փորձեց չեզոքացնել վերջնական սեփականատերերի ինստիտուտի ներդրմամբ: Կարծում եմ, որ պետական գնումների ոլորտում վերջնական սեփականատերերի ինստիտուտի ներդնումը կունենա լուրջ հակակոռուպցիոն կանխարգելիչ նշանակություն, իսկ Հայաստանը կարող է դասվել այս ոլորտում առաջատար երկրների շարքին, ովքեր իրականացնում են այս տիպի լուրջ բարեփոխումներ պետական գնումների ոլորտում:

Այս ինստիտուտի ներդրմամբ կնվաճվեն հետեւյալ կարեւոր արդյունքները` պետական գնումներ իրականացնող մարմինները կտիրապետեն պետական գնումներին մասնակցող ընկերությունների վերջնական սեփականատերերին, այստեղ խոսքը ֆիզիկական անձանց մասին է, հանրությունը կտիրապետի պետական գնումներին մասնակցող ընկերությունների վերջնական սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկատվությանը, այն կունենա լուրջ հակակոռուպցիոն դեր ազատ տնտեսական մրցակցության ոլորտում` բացահայտելու մենաշնորհների եւ գերիշխող դիրքի հետ կապված փաստերը: Այն ընկերությունները (ինչպես ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ), որոնք օրենքով սահմանված կարգով չեն բացահայտի իրենց վերջնական սեփականատերերին, կզրկվեն պետական գնումներին մասնակցելու հնարավորությունից: Ներկայումս վերջնական սեփականատերերի ինստիտուտի հետ կապված օրենսդրական փաթեթը ՀՀ արդարադատության նախարարության կողմից գտնվում է մշակման փուլում, որին նաեւ մասնակցում են մեր կազմակերպության եւ հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետները: Նախատեսվում է, որ մինչեւ օգոստոսի վերջ ՀՀ արդարադատության նախարարությունը այս փաթեթը նույնպես կուղարկի կառավարություն:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել