Արդյո՞ք հնարավոր է վերացնել, փոփոխել կամ լրացնել կտակը

Կտակը ժառանգատուի հետմահու կամարտահայտությունն է: Ըստ կտակի ժառանգության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 71-րդ գլխում:

Քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին վերը նշված օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը:

Քաղաքացին պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին: Հարկ է իմանալ, որ կտակի ազատությունը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով:

Կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը, ընդ որում նա պարտավոր չէ նշել կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու պատճառները:

Կտակարարն իրավունք ունի նոր կտակի միջոցով`

1) ամբողջությամբ վերացնել նախկին կտակը.

2) փոփոխել նախկին կտակը դրանում պարունակվող առանձին կտակային կարգադրությունները վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու կամ կտակը նոր կարգադրություններով լրացնելու միջոցով:

Ավելի ուշ արված և նախորդ կտակի կամ դրա առանձին կարգադրությունները վերացնելու մասին ուղղակի նշումներ չպարունակող կտակը նախկին կտակը վերացնում է իրեն հակասող մասով:

Կտակը վերացնող կամ փոփոխող ավելի ուշ կտակն անվավեր ճանաչվելու դեպքում վավեր է համարվում նախկինում կազմված կտակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել