ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշման համաձայն կարգավորվում են այս հարցի կապակցությամբ ծագող իրավահարաբերությունները։
Այդ որոշման համաձայն` տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր:
Հավելենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 դրամի) չափով: