ՀՀ Կառավարության թիվ 411–Ն որոշմամբ սահմանվել է.
Նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում, մինչև նոր նույնականացման քարտի տրամադրումը, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ` Հայաստանի Հարապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայությունների կողմից տրվում է ժամանակավոր վկայական:
Նույնականացման քարտի կորստյան, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելու դեպքերում ժամանակավոր վկայական ստանալու համար քաղաքացին անձամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում` խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն է ներկայացնում դիմում և 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար: Խնամակալի կամ ներկայացուցչի միջոցով ժամանակավոր վկայական ստանալու համար դիմումին կցվում են խնամակալի կամ ներկայացուցչի անձնագրի և խնամակալի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենները։ Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալները ժամանակավոր վկայական ստանալու համար ներկայացնում են նաև քրեակատարողական հիմնարկի կողմից տրված կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականը և դրա պատճենը: Վկայականի բնօրինակը պատճենի հետ համեմատելուց հետո վերադարձվում է քաղաքացուն: Դիմումն ընդունող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայության աշխատողը դիմումի դարձերեսին ստորագրում է և նշում իր պաշտոնը, անունը և ազգանունը, ինչպես նաև փաստաթղթի ընդունման ամսաթիվը։
Ժամանակավոր վկայականը քաղաքացուն տրամադրվում է վերը նշված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` անմիջապես:
Ժամանակավոր վկայականը տրամադրվում է 15 աշխատանքային օր վավերականության ժամկետով` բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին օրենքով սահմանված կարգով կնքել է սեղմ ժամկետում նույնականացման քարտ տրամադրելու կամ փոխանակելու պայմանագիր: Կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալներին ժամանակավոր վկայականը տրամադրվում է կարճաժամկետ մեկնման թույլտվության վկայականում նշված ժամկետով: