Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատախազը միջնորդել էր 14 տարի ազատազրկում և 422 մլն ՀՀ դրամի չափով բռնագանձում, սակայն մեղադրանքը փոփոխվեց

«Ֆինանսական բուրգի» գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի մեղադրանքն այսօր փոփոխվեց: Մեղադրող դատախազը նախորդ դատական նիստին միջնորդել էր խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունների համար մեղադրվողին դատապարտել 14 տարվա ազատազրկման և բռնագրավել 422 մլն ՀՀ դրամի չափով գումար:

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում՝ Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթացավ հերթական դատական նիստը: Մեղադրող դատախազը հայտնեց, որ ուսումնասիրելով գործի նյութերը, ինչպես նաև հանցագործության կատարման ժամանակ տարադրամի փոխարժեքը, եզրահանգել է, որ հարկավոր է գումարային փոփոխություն իրականացնել՝ մոտ մեկ ու կես միլիոն դրամի չափով:

Բացի այդ լրացվել ու փոփոխվել է նաև մեղադրանքի դրվագներից մեկը, որն առնչվում է տուժող Արտակ Գալստյանին, մասնավորապես հանցագործությանը տրվել է նոր որակում. «Արթուր Անդրեասյանը ոչ թե խարդախությամբ է հափշտակել, այլ խաբեությամբ Արտակ Գալստյանին հնարավորինս շատ վնաս է պատճառել»,- փոփոխված մեղադրանքից մեջբերում արեց դատախազը:

Նոր մեղադրանքին ծանոթանալու, այնուհետև միջնորդություններով հանդես գալու համար 3 շաբաթ ժամանակ խնդրեց ամբաստանյալի պաշտպանը:

Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստը նշանակել հունիսի 19-ին:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել