7 անձի կյանք խլած վթարի գործը. եղան նոր միջնորդություններ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Հոռոմ-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով դատական նիստը: Սահմանված կարգի համաձայն՝ դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը՝ գործով ձեռք բերված ապացույցների հետազոտմանը: Պետական մեղադրող Ա. Ավետիսյանը հերթականությամբ հրապարակեց «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի ուղևորների՝ տուժողների ու մահացածների վերաբերյալ դատաբժշկական փորձաքննությունները: Փորձաքննությունների վերաբերյալ կողմերը հայտարարություններ ու առարկություններ չներկայացրեցին:

Այնուհետև հրապարակվեցին ճանապարհատրասնպորտային դեպքի վայրի զննության, տրանսպորտային միջոցների զննության, դատաավտոտեխնիկական, դատանյութագիտական, դատահրդեհատեխնիկական, դատապայթյունատեխնիկական և դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննությունների եզրակացությունները: Ներկայացված եզրակացություններին պաշտպան Լ. Բալյանն առարկեց ու ներկայացրեց միջնորդություն համալիր փորձաքննություն նշանակելու մասին հիմնավորմամբ, որ փորձաքննություններն անցկացվել են միակողմանի ու թերի, շատ հարցերի պատԱսխան չեն տրվել:

«Հարգելի դատարան, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ փորձագետն իրեն առաջադրված հարցերի շարքից դուրս է եկել ու պատասխանել իրավական բնույթի հարցին, այն է՝ առկա սխալները ունեն արդյոք պատճառահետևանքային կապ ու կարող էին առաջացնել վթար, որը Դատարանի իրավասության մեջ մտնող հարցերն են: Այդ իսկ պատճառով էլ միջնորդում եմ նոր համալիր փորձաքննություն նշանակելու մասին»,- հավելեց պաշտպան Լ. Բալյանը:

Ներկայացված միջնորդությանը առարկեցին «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները և արտահայտվեցին, որ պաշտպան Լ. Բալյանն ունի «չակերտավոր» իրավական գիտելիքներ: Դրան ի պատասխան Լ. Բալյանը պատասխանեց. «Դեպքի հաջորդ օրն արդեն պատգամավոր՝ Մարտուն Գրիգորյանն արտահայտվեց և տեսանյութն մինչև օրս տեղադրված է www.youtube.com կայքում, որտեղ նա նշում է, որ «Գազելն» այրվել է դիզվառելիքի հետևանքով: Հենց այդ արտահայտությունից դուրս գալով էլ կազմվել են փորձաքննությունները»:

Ի դեպ նշենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանի ու դատախազի բանավեճից հետո, արդեն որերորդ դատական նիստին է մեղադրողը ներկայանում է համազգեստով:

Դրանից հետո սկսեցին քննարկել պաշտպան Լ. Բալյանի կողմից ներկայացված միջնորդությունները: առաջին միջնորդությունը վերաբերում էր ամբաստանյալի նախաքննության ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքներին, որոնք վերցվել են շոկային վիճակում: Դատարանը որոշում կայացրեց միջնորդությունը մերժելու մասին:

Հաջորդը վերաբերում էր «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղ. հայցով բաց թողած օգուտը ճշգրտելու, Ռազմիկ Մկրտչյանի աշխատելու վերաբերյալ ու աշխատավարձ վճարելու վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը, որը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մերժվել էր: Դատարանը սույն միջնորդությունը ևս մերժեց:

Հետագայում նոր միջնորդություններ ներկայացնելու հիմքով պաշտպանը միջնորդեց նիստը հետաձգել: Հերթական դատական նիստը կկայանա 2015թ. հուլիսի 24-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել