Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ–ին կարող է շատ երկար տևել. Ֆիցո

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը շատ երկար է լինելու։ Նման կանխատեսում է արել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի ռադիոյի «Շաբաթօրյա երկխոսություններ» ծրագրում՝ մեկնաբանելով սեպտեմբերի 5-ին Ուժգորոդում Վլադիմիր Զելենսկու հետ կայացած հանդիպումը։ Նրա խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինան պետք է կատարի ԵՄ անդամակցության հետ կապված բոլոր պայմանները։ Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է շատ երկար լինել»,– նշել է նա։
Ֆիցոն հայտնել է, որ այդ մասին ասել է Զելենսկուն։

«Թող նա պատրաստ լինի, որ ԵՄ մեծ երկրները հսկայական խոչընդոտներ կստեղծեն միավորմանն անդամակցելու հարցում։ Նրանք գիտակցում են, որ նման խոշոր երկրի անդամակցությունը զգալի փոփոխություններ կբերի միության գյուղատնտեսական քաղաքականության և ֆինանսների բաշխման մեջ», – նշել է վարչապետը։

Նրա խոսքով` Սլովակիան աջակցում է Ուկրաինայի միջոցով ԵՄ–ն ընդլայնելու ծրագրի իրականացմանը և պատրաստ է Կիևին փոխանցել իր փորձը, որը ձեռք է բերվել ԵՄ անդամ լինելու ընթացքում:

Ֆիցոն նաև ընդգծել է, որ Սլովակիան շահագրգռված է ուկրաինական հակամարտության ավարտից հետո ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմամբ:

«Մենք շահագրգռված ենք, որ պատերազմի ավարտից հետո գործերը կարգավորվեն», – նշել է Ֆիցոն։ «Մենք (Սլովակիան. խմբ.) կառուցողական մոտեցում ունենք ՌԴ-ի նկատմամբ»,– նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ միջազգային հարաբերություններում անընդունելի են երկակի ստանդարտները։

«Քաղաքական գործիչներն իրենց երկրներում ամեն տեսակ բարոյական կոչեր են հնչեցնում, բայց նրանց ընկերությունները շարունակում են աշխատել Ռուսաստանում։ Դուք կարծում եք, որ Արևմուտքը Ռուսաստանից հեղուկ գազ չի՞ ստանում։ Ռուսաստանը Եվրոպայում հեղուկ գազի երկրորդ խոշորագույն մատակարարն է։ Բարոյական կոչերը մի բան են, իսկ բիզնեսը՝ այլ», – ասել է Սլովակիայի կառավարության ղեկավարը։

Հիշեցնենք` Հունգարիայի կառավարությունը պարբերաբար հայտարարում է` դեմ է, որ Ուկրաինան արագացված կարգով դառնա ԵՄ անդամ` մատնանշելով դաշինքի տնտեսության համար հնարավոր ռիսկերը և Մոսկվայի հետ ուղիղ հակամարտության սպառնալիքը:

Հունիսի 26-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում Հունգարիան արգելափակեց Ուկրաինային սատարող ամփոփիչ հայտարարությունը, որը կարող էր ճանապարհ բացել միությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար: Նույն օրը հրապարակվեցին Հունգարիայում անցկացված համաժողովրդական հարցման արդյունքները` ավելի քան երկու միլիոն մասնակիցների 95 տոկոսը դեմ էր, որ Ուկրաինան արագացված կարգով դառնա ԵՄ անդամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել