«Իմ հայրենիք, ես քեզ շատ եմ սիրում, դու ինձնով հպարտանում ես։ Ես ուզում եմ, որ ես էլ հայրենիք դառնամ, բայց ես ո՞նց դառնամ, ավելի լավ է՝ ես հայրենիք չդառնամ։ Ավելի լավ է, որ ես գնամ պատերազմ, այդ ժամանակ ես իմ հայրենիքը կպաշտպանեմ և այդ ժամանակ էլ իմ հայրենիքը կտեսնեմ»։
Այս տողերը Դավիթ Խաչատրյանը գրել է 2-րդ դասարանում։ Մայրը գտել է դրանք նրա զոհվելուց հետո։
«Դավիթը մեր 3-րդ զավակն էր, տան փոքրը։ Իր ծնունդով մեր տան լույսը, մեր տան ուրախությունը ամփոփվեց։ 2001 թվականին է նա ծնվել։ Ուներ բնավորության բոլոր դրական հատկանիշները։ Շատ հետաքրքիր տղա էր, շատ նրբանկատ։ Ինքը գիտեր՝ իրեն որտեղ և ինչպես է պետք պահել։ Իր հետ շատ հեշտ էր, որովհետև ինքը բոլոր իրավիճակներում կարողանում էր իրեն ճիշտ դրսևորել»,- Iravaban.net-ի «Հանուն հայրենիքի» շարքի շրջանակում պատմում է մայրը՝ Կարինե Համբարձումյանը։
Դավիթն ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, 6 ամիս սովորել և զորակոչվել բանակ։ Մայրն ասում է, որ նա մեծ սիրով էր գնում դասերին, շատ էր սիրում իր մասնագիտությունը։ Բանակ զորակոչվել էր ընկերների հետ։ Վեց ամիս ծառայել է Գյումրիում, այնուհետև տեղափոխվել Սանասար։
«Ծառայությունը շատ հարթ էր անցնում, գրեթե ամեն օր խոսում էինք։ Շատ լավ էր, ամեն ինչ նորմալ էր։ Այնպիսի տպավորություն էր, որ այնտեղ ամեն ինչ իդեալական է։ Ես, որպես մայր, հասկանում էի, որ չի կարող ամեն ինչ իդեալական լինել։ Դավիթը շատ արագ մտավ ծառայության մեջ։ Միշտ խոսում էր իր զորամասից, զենքից, տարված էր իր զենքով։ Շատ անհանգիստ էր քննությունների համար, բարեհաջող հանձնեց ու ստացավ կրտսեր սերժանտի կոչում»,-պատմում է մայրը։
Երբ Դավիթին արդեն տեղափոխել են Արցախ, նրանց ընտանիքում դժվար փուլ է եղել։ Քույրերից մեկը առողջական խնդիրներ ուներ և երկարատև բուժումներից հետո մահացավ։ Այդ ընթացքում Դավիթը եկել էր ու հասցրել հրաժեշտ տալ քրոջը։ Վիշտը սրտում վերադարձել էր ծառայության։ Օրեր անց սկսվել է 44-օրյա պատերազմը։
«Սեպտեմբերի 25-ից Ջրականում է եղել, մենք այդ մասին չգիտեինք։ Մեզ հետ խոսում էր, բայց չէր ասում։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան իմացանք, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվել։ Շատ անհանգիստ էինք, վախ կար, բայց որպես ծնող հույս ունեի, որ մի քանի օրից կավարտվի։ Շատ հույս ու ուժ էր տալիս Դավիթը, ինքը այնպես էր խոսում, որ ամեն ինչ նորմալ է։ Գիշեր-ցերեկ մտածում էի, որ անհնար է ինչ-որ բան լինի, Դավիթը պետք է տուն վերադառնա։ Մեր վերջին խոսակցությունը եղել է հոկտեմբերի 2-ին։ Մինչև հիմա հիշում եմ նրա ձայնը։ Չորս ամիս փնտրել ենք Դավիթին»,– պատմում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։