7 անձի կյանք խլած վթարի գործը․ ամբաստանյալի խոսքերով՝ «Գազել»-ի արագությանը մոտ 100կմ/ժ է եղել

2015թ. հուլիսի 16-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Կամազ» ու «Գազել» մակնիշի ավտոմեքենաների վթարի գործով դատական նիստը: Նախորդ նիստի ընթացքում որոշում էր կայացվել բերման ենթարկելու վկաներ՝ Արման Դանիելյանին, Ասատուր Ասատրյանին և Սամվել Հակոբյանին: Դատական նիստը սկսվեց զեկուցմամբ, որ նրանք փոխել են իրենց բնակության վայրն ու հնարավոր չէ գտնել այդ անձանց:

Քաղ. հայցվոր, «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ գործադիր տնօրեն Անահիտ Խալաթյանը դատարանի որոշմամբ ճանաչվեց վկա ու սկսվեց վերջինիս հարցաքննությունը: Վերջինս ներկայացրեց, որ որպես տնօրեն իրեն են զեկուցում ավտոմեքենաների տեխնիկական զննության ու վարորդների բուժզննության արդյունքները, որից հետո միայն ինքը թույլ է տալիս դուրս գալ երթուղի: Պաշտպան Լ. Բալյանի հարցին, թե ինչ կարգով են կատարվում ավտոմեքենայի վերաբերյալ զննությունները, վկան տեղեկացրեց, որ այն կատարվում է Երևանում գտնվող «Լիլյա Գրուպ» ՍՊԸ-ում, ու տվյալ «Գազել»-ի վերջին զննությունը կատարվել է 2014թ. հոկտեմբերին կամ նոյեմբերին: Բալյանի փոխանցմամբ՝ համաձայն գործում առկա փորձաքննության «Գազել» միկրոավտոբուսն ունեցել է հետևյալ խնդիրները՝ կախոցները բացակայել են, արգելակման համակարգը լավ չի աշխատել, ակերը մաշված են եղել ու գազաբալոնի մոտ առկա է խտանյութ, որը տեխնիկական տեսանկյունից սխալ է, Ա. Խալաթյանը նշեց, որ մասնագետ չէ ու չի կարող հստակ պատասխանել: Լ. Բալյանն հանդես եկավ հայտարարությամբ, որ հետագայում միջնորդություն կներկայացնի թերի քննության վերաբերյալ: Մեղադրող դատախազ՝ Ա. Ավետիսյանը նշեց, որ պաշտպանը անպատասխանատու հայտարարություններ է անում:

Լ. Բալյանի հարցին, թե երբ են ձեռք բերել «Գազել»-ի անվադողերը, Ա. Խալաթյանը պատասխանեց, որ չի կարող ասել, դրանք ավելի մանրամասն կարող է ասել ՍՊԸ-ի մեխանիկը: Լ. Բալյանը շարունակելով հարցերը փորձեց ճշտել, թե որտեղ է ընկերության մեխանիկ Ասատուր Ասատրյանը, ինչու է վերջինս դեպքից հետո ազատվել աշխատանքից: Ա. Խալաթյանը տեղեկացրեց, որ Ա. Ասատրյանը դիմել է արտերկիր մեկնելու պատրվակով աշխատանքից ազատվելու համար ու ազատվել է: Լ. Բալյանը նշեց, որ դա լուրջ ու հիմնավոր կասկածի տեղիք է տալիս:

Այնուհետև, հրապարակվեցին վկաներ՝ Արման Դանիելյանի, Սամվել Հակոբյանի և Ասատուր Ասատրյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները: Վկա Սամվել Հակոբյանը, ով հանդիսանում է անչափահաս ու միկրոավտոբուսի ուղևորներից մեկն է, իր ցուցմունքում անուն առ անուն նշել էր «Գազել»-ի մյուս բոլոր ուղևորների անունները, ազգանունները ու նրանք նստած տեղը, նաև մասնագիտական առումով ճիշտ ներկայացրել էր դեպքի ու կատարված խախտումների մասին: Պաշտպան Լ. Բալյանը նշեց, որ միջնորդություն կներկայացնի այն որպես ոչ վերաբերելի ապացույց ներկայացնելու համար:

Այնուհետև, սկսվեց ամբաստանյալ Մանվել Վարդանյանի ցուցմունքը, ով մանրազնին ներկայացրեց դեպքը: Նա, պատասխանելով դատախազի հարցերին, ասաց. ««Կամազն» ունի 7.20մ երկարություն ու եթե ես որոշեի աջ շրջադարձ կատարել, ուղիղ գնալու փոխարեն, ապա ճանապարհն ամբողջությամբ կփակեի ու դա ավելի երկար ժամանակ կպահանջեր: Ինչ վերաբերում է «Գազել»-ի արագությանը, ապա ըստ ինձ այն ուներ մոտ 100կմ/ժ արագություն, հստակ չեմ կարող ասել ու ինձ համար անհասկանելի է, թե «Գազել»-ի վարորդն ինչու է ձախ թեքել ղեկը փոխանակ արգելակեր»:

Դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները էական հակասությունների պատճառով: Առկա հակասությունները Մ. Վարդանյանը բացատրեց նրանով, որ իր ցուցմունքը տվել է քննիչի թելադրանքով ու շատ հարցերին խուսափոխական պատասխան է տվել: Ավելին՝ ի սկզբանե ինքը գիտեցել է, որ քննիչը հանդիսանում է իր պաշտպանը, այլ ոչ թե քննիչը: Ու չնայած ցուցմունքներն առաջինը վերցրել է 2014թ. նոյեմբերի 10-ին ժամը 22:50-ին, մյուսը 3 օր անց, միևնույնն է ինքն իրեն հայտնի ամեն բան արդեն ասել է ու հաստատեց դատաքննության ընթացքում տված ցուցմունքները: Այդուհանդերձ, ամբաստանյալն ասաց, որ իրեն մասնակիորեն մեղավոր է ճանաչում։

Քանի որ աշխատանքային օրն ավարտվում էր, հերթական նիստը նշանակվեց 2015թ. հուլիսի 17-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել