Պատերազմում զոհված Դավիթ Թորոսյանի ծնողները զույգ երեխաներ են ունեցել

Միշտ հոգ եմ տարել Դավիթի մասին, մի ամանից էինք իրար հետ հաց ուտում, երբ տեղ էինք գնում, ես մամայի դերում էի ու հիմա էլ իմ կարգավիճակը չի փոխվել։ Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմում է 2020 թվականի 44-օրա պատերազմում զոհված Դավիթ Թորոսյանի քույրը՝ Գոհար Թորոսյանը։

Դավիթը սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Մայրը՝ Ռոզա Միքայելյանը պատմում է, որ իր դպրոցում էլ խելացի է եղել Դավիթը։ Պոլիտեխնիկի ուսանողին հայրենիքն էր կանչում, եկել էր «պարտքը տալու» ժամանակը։ Ուսումը կիսատ թողեց Դավիթը և զորակոչվեց բանակ։ 2019 թվականի դեկտեմբերի 17-ին մեկնել է ծառայության։

«Ծառայեց Մուղնիում, հակաօդային, հետո տարան Արցախ։ Ինքը գոհ էր, չէր բողոքում, միշտ զանգում էր։ Հենց զանգում էի, ասում էի՝ Դավ, ասում էր՝ հա ջան, նոր սկսում էր խոսել։ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին իր համար կոնֆետներ էի ուղարկել ու ինչ անհրաժեշտ էր։ Զանգեց, ասաց՝ ապրես մամ, ասացի, որ չասի նման բան։ Մենք ենք իրենց պարտական»,-պատմում է մայրը։

Քրոջ խոսքով՝ ինքն անհանգստություն չի ունեցել, երբ եղբայրը գնացել է բանակ։ Բայց Դավիթը գնալուց առաջ կուրսընկերուհուն ասել է՝ բանակ գնամ, էլ հետ չեմ գալու։

Դավիթը զոհվել է պատերազմի հենց առաջին օրը, թշնամու առաջին հարվածները եղել են հենց իրենց ուղղությամբ։ Գյուղում բոլորն իմացել են, բացի ընտանիքի անդամներից։ Երեկոյան հարևանները հավաքվել են նրանց տան մոտ։ Դավիթի հայր այդ պահին զոհվածների անունների մեջ տեսնում է որդու անունը։ Ձայները լսելով հարևանները ներս են մտել․

«Դավիթին սեպտեմբերի 29-ին բերեցին։ Մենք իրեն չենք տեսել, փակ է եղել դագաղը։ Ու նոյեմբերի 9-ն եմ լավ հիշում, եթե սեպտեմբերի 27-ին ինչ-որ ցավ էր, նոյեմբերի 9-ին հիասթափություն էր։ Անիմաստ էր այդ ամենը։ Չնայած ես կարծում էի, որ արցախցիները դեռ կան, դա բոլոր զոհվածների շնորհիվ է։ Երբ գիտակցում ես, որ կորցրել ես այն ամենը, ինչի համար արյուն է թափվել, դա արդեն ոչ մի արդարացում չունի։ Մի քանի ամսից արդեն կլինի 5 տարի ու մեկ-մեկ մեղավոր ես զգում քեզ, որ չես հիշում, որ մոռացել ես, թե ինչ ձայն ուներ եղբայրդ»,-պատմում է քույրը։

Չնայած առողջական լուրջ խնդիրներին տիկին Ռոզան որոշել է նորից երեխաներ ունենալ, ասում է՝ առաջին հերթին մտածել է Գոհարի մասին, որ իր աղջիկը մենակ չմնա։

«Շատ երկար ճանապարհ անցանք, սկզբում բուժումներ, հետո ԷԿՈ-ն առաջինը չստացվեց։ Նամակ գրեցի նախարարություն, որ մեզ մեկ անգամ էլ ֆինանսավորեն ու ստացվեց։ Սկզբում էլ վստահ էի, որ զույգ է լինելու, բայց շատ էի ուզում, որ տղա ու աղջիկ լինեն, բայց դժգոհ չեմ, որ երկու տղա եղավ։ Փոքրիկ միջոցառում կազմակերպեցի և իմացանք, որ երկու տղա են։ Հայրս ասաց՝ ով առաջինը ծնվի անունը Դավիթ կդնենք, ես չէի ուզում Դավիթ դնել, բաց դրեցինք, մյուսի անունն էլ Տիգրան դրեցի։ Իրենց գոյությունն արդեն ամեն ինչ փոխել է։ Մեկ-մեկ մտածում եմ՝ ի՞նչ կլիներ, եթե պատերազմը չլիներ, հետո մտածում եմ՝ էդ դեպքում Դավիթն ու Տիգրանը չէին լինի։ Իրենց հանդեպ անարդար է։ Երազում եմ, որ իրենց կյանքում նման բաներ չլինեն»,-ասում է Գոհարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել