2025 թվականի օգոստոսի 5-ին e-draft.am հարթակում քննարկման է ներկայացվել «Բնակելի կառուցապատման գործունեության մասին» օրենքի ընդունման հայեցակարգի նախագիծը (https://www.e-draft.am/projects/8997/about )
Հայաստանում բնակելի շենքերի կառուցապատման ոլորտը, որտեղ բազմաբնակարան շենքերից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրեր են կնքվում, երկար ժամանակ ունի կանոնակարգման բացեր: Այս ոլորտում կան ռիսկեր, ինչպես օրինակ՝ կառուցապատողների սնանկության դեպքում գնորդների իրավունքների պաշտպանվածության խնդիրները:
Ինչի մասին է նախագիծը
Նախագիծն առաջարկում է ստեղծել «Բնակելի կառուցապատման գործունեության մասին» օրենք, որը կկարգավորի բնակելի շենքերի կառուցապատման գործընթացը, պաշտպանելու է գնորդների իրավունքները և սահմանելու է կառուցապատողների պարտավորություններն ու ստանդարտները:
Հայեցակարգի նպատակներն են՝
- Սահմանել, թե ով է համարվում «բնակելի կառուցապատող», և ինչ է համարվում «բնակելի կառուցապատման գործունեություն»:
- Կարգավորել բնակելի կառուցապատողների իրավունքներն ու պարտականությունները:
- Նշել կառուցապատման գործընթացի վերահսկողության մեխանիզմները:
- Ներդնել կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպության («ԻԿԿ») ինստիտուտ, որը կհամախմբի ոլորտի մասնագետներին և կհամակարգի նրանց գործունեությունը:
- Ապահովել սպառողների պաշտպանությունը, կանխարգելել ռիսկերը և վնասները:
Առկա իրավիճակը․
Հայաստանում այսօր կառուցապատման ոլորտը կանոնակարգված է մասամբ՝ քաղաքացիական օրենսդրությամբ և վարչական ակտերով, բայց չկա հատուկ օրենք, որը մանրամասն կարգավորի բնակելի կառուցապատողներին, նրանց չափանիշները և վերահսկողությունը:
Այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝
- կոպիտ ժամկետների խախտումներ,
- ցածր որակ,
- սնանկության ռիսկ,
որոնք հաճախ վնասում են գնորդների շահերին:
Միջազգային փորձը
Աշխարհի բազմաթիվ երկրներում սեփական կարիքների համար կառուցապատում իրականացնող սուբյեկտների և կառուցվող շենքից մինչև դրա շինարարության ավարտը (ավարտական ակտի ձևակերպումը) վաճառքի առաջարկի միջոցով անշարժ գույքի գնման իրավունքների առուվաճառքի նպատակով կառուցապատում իրականացնող սուբյեկտների վերաբերյալ սահմանվում են տաբեր կարգավորումներ և կառուցապատումը դիտարկում են որպես մասնագիտական գործունեություն, որը ենթարկվում է հատուկ վերահսկողության։
- Ռուսաստանում և Ղազախստանում՝ կառուցապատողը պետք է ունենա փորձ և ֆինանսական կայունություն:
- Գերմանիայում, Ֆրանսիայում և Բուլղարիայում գործում են ինքնակարգավորվող կազմակերպություններ, որոնք վերահսկում են կառուցապատողների գործունեությունը, ապահովում են ստանդարտներ և պաշտպանում գնորդների շահերը:
Իրազեկված լինելը կարևոր նախապայման է սեփական իրավունքների պաշտպանման համար։ Խորհուրդ է տրվում ուսումնասիրել ներկայացված նախագիծը, հետևել դրա հանրային քննարկումներին և ներկայացնել ձեր դիտարկումները։ Ձեր մասնակցությունը կարող է նպաստել ոլորտի արդյունավետ կանոնակարգմանը, ինչպես նաև ապահովել գնորդների և կառուցապատողների շահերի հավասարակշռված պաշտպանությունը։