Որո՞նք են ամենապահանջված գրքերը Երևանի և մարզերի գրադարաններում

Ո՞ր գրքերն են ամից շատ կարդացել ՀՀ գրադարաններում։ Այս մասին ամփոփ տեղեկագիր է ներկայացրել Հայաստանի ազգային գրադարանը ֆեյսբուքյան էջում։

«Հայաստանի հանրային և համայնքային գրադարանների գեղարվեստական ընթերցանության օգոստոսյան քարտեզում հայ և արտասահմանյան գրողների 130 անուն գիրք է տեղ գտել։ Ընդհանուր առմամբ պահպանվել են նախորդ ամիսներին նկատված ընթերցման թեմաները, ընթերցողների նախասիրությունները։

Թեև ուսումնական դադար էր, արձակուրդներ էին, սակայն դպրոցականները շարունակում էին կարդալ ուսումնական ծրագրով հանձնարարված գրքերը։ Րաֆֆու «Սամվել», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա», Գուրգեն Մահարու «Մանկություն և պատանեկություն» վեպերը, Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակը», Նար-Դոսի «Մեր թաղը» և «Սպանված աղավնին» և հայ դասական գրողների շատ այլ ստեղծագործություններ բարձր պահանջարկ ունեն գրադարաններում։

Եվ այնուամենայնիվ արձակուրդային տրամադրությունները զգացվում են գրքերի ընտրության մեջ, քանի որ ցուցակներում գերակշռում են այսպես կոչված «հաճույքի համար» ընթերցված գրքերի անվանումները։ Նախորդ ամիսների համեմատ գրադարանների թոփ տասնյակներում ավելի շատ հեղինակներ և գրքեր կան։ Ժամանակակից հայ հեղինակներից բարձր պահանջարկ ունեն Ռուբեն Եսայանի, Գոհար Նավասարդյանի, Աշոտ Աղաբաբյանի, Գրիգոր Քեշիշյանի, Ռաֆայել Մարգարյանի վեպերը։ Արտասահմանյան գրողներից Ագաթա Քրիստին ներկայացված է 7, Ռեմարկը՝ 5, Էլիֆ Շաֆաքը, Մարկ Լևին և Խալեդ Հոսեյնին՝ 3-ական գրքով։ Օգոստոսին գրադարաններում ամենաշատ կարդացված գիրքը հունական ծագումով բրիտանացի գրող Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» թրիլերն է և աֆղանա-ամերիկացի գրող Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» վեպը։

Արձակուրդներով պայմանավորված հիմնականում Ռուսաստանից շատ միգրանտ ընտանիքների երեխաներ վերադառնում են Հայաստան։ Հիմնականում նրանց շնորհիվ է, որ գրադարանների ցուցակներում նաև շատ սպասարկված ռուսերեն գրքեր են հայտնվում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել