Արագ վարելը կարող է թանկ արժենալ։ Արագության գերազանցման համար ոչ միայն խոշոր տուգանքներ են սահմանված, այլև տուգանային միավորներ, իսկ ծայրահեղ դեպքերում՝ վարորդական իրավունքից զրկում։ Ահա թե ինչ կարող է ձեզ սպասել արագության սահմանափակումները խախտելու դեպքում։
Յուրաքանչյուր կմ/ժ-ն ունի իր գինը.
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.4 հոդվածի համաձայն՝ արագության գերազանցման համար սահմանված են հետևյալ տույժերը՝
- 1-10 կմ/ժ գերազանցում. տուգանք՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով։
- 11-30 կմ/ժ գերազանցում. տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով + 2 տուգանային միավոր։
- 31-50 կմ/ժ գերազանցում. տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով + 3 տուգանային միավոր։
- 51-80 կմ/ժ գերազանցում. տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով + 4 տուգանային միավոր։
- 81 կմ/ժ և ավելի գերազանցում. վարորդական իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով։ Իսկ վարորդական իրավունք չունեցողների համար՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Կարևոր է իմանալ.
Օրենքը ձեր կողմն է։ Արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար որոշում կայացնող մարմինը պարտավոր է արձանագրված ցուցանիշից հանել 10 կմ/ժ։ Օրինակ՝ եթե արագաչափը ցույց է տվել 91 կմ/ժ, ապա ձեր արագությունը կհամարվի 81 կմ/ժ։
Տուգանային միավորների կուտակումը կարող է հանգեցնել լրացուցիչ պատժամիջոցների։ Հետևեք ձեր տուգանային միավորների քանակին։
Արագություն գերազանցելը վտանգավոր է ոչ միայն ձեր դրամապանակի, այլև ձեր և այլոց կյանքի համար։ Ըստ վիճակագրության, արագության գերազանցումը ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկն է։
Հարգեք ճանապարհային երթևեկության կանոնները և շրջապատին։ Այցելեք Iravaban.net մասնագիտական առցանց մեդիա՝ ավելին իմանալու համար։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։