ՏԿԵ նախարարը հաստատել է պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով ստացված հաղորդագրության դեպքում պատասխանատու անձանց գործողությունների կարգը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 30-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով ստացված հաղորդագրության դեպքում պատասխանատու անձանց գործողությունների կարգը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հրամանը ուժի մեջ է մտնում հունվարի 5-ին։

Նշվում է, որ քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպություններում սպառնալիքի պոտենցիալ օբյեկտներ են հանդիսանում գետնի վրա կամ օդում թռիչքի մեջ գտնվող օդանավերը, օդանավակայանային համալիրները, օդանավակայանի ենթակառուցվածքները, տեխնիկական միջոցները, շենքերը և շինությունները, բեռնային համալիրները, օդանավով փոխադրվող բեռները և փոստը, օդանավերի տեխնիկական սպասարկման կայանները, օդանավ շահագործող կազմակերպությունները ու օդային երթևեկության ծառայություններ մատուցող կազմակերպությունները և դրանց ենթակառուցվածքները, օդանավեր սնունդ և օդանավային պաշարներ մատակարարող կազմակերպությունները:

Սպառնալիքները կարող են ստացվել անմիջականորեն այն անձանցից, որոնք նպատակ ունեն իրականացնել անօրինական միջամտության գործողություններ, ինչպես նաև կարող են լինել միջնորդավորված սպառնալիքներ, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներով կամ երրորդ անձանց միջոցով փոխանցվող սպառնալիքներ: Սպառնալիքները կարող են ստացվել տարբեր ձևերով ու միջոցներով, այդ թվում՝ հեռախոսով, էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերի միջոցով կամ գրավոր: Սույն Կարգի 6-րդ կետում նշված աշխատող անձի կողմից սպառնալիքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում վերջինս պետք է փորձի առավել շատ տեղեկատվություն հավաքագրել սպառնալիքի մասին, որպեսզի ստացված տեղեկատվությունն օգնի սպառնալիքը գնահատողներին ստացված սպառնալիքի գնահատման աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև գտնելու այն անձին, որից ստացվել է սպառնալիքը:

Սպառնալիքների մասին տեղեկատվության հավաքագրման, հաղորդագրության կամ տեղեկատվության գրանցման և պահպանման աշխատանքների հեշտացման նպատակով օդանավակայանների, օդանավ շահագործող կազմակերպությունների, օդային երթևեկության ծառայություններ մատուցող կազմակերպությունների, օդանավակայանների տարածքներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահագործողական, կարգավարական և կապի կետերի, ծառայությունների ու տեղեկատուների հերթապահ մասերում պետք է տեղադրվեն ստացված հաղորդագրության ձայնագրման և հիշողության սարքերով համալրված հեռախոսներ:

Պայթյունի սպառնալիքի մասին ստացված ցանկացած հաղորդագրություն պետք է դիտվի որպես իրական վտանգ ուղևորների, օդանավի անձնակազմի, օդանավակայանների հասարակական վայրերում գտնվող քաղաքացիների և քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունների աշխատողների կյանքի ու անվտանգության համար այնքան ժամանակ, մինչև համապատասխան գործողություններով չհաստատվի հաղորդման մեջ պարունակվող տեղեկատվության կեղծ կամ ոչ հավաստի լինելը:

Պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով ստացված հաղորդագրության դեպքում աշխատող անձը պետք է հաղորդագրությունն անհապաղ փոխանցի իր անմիջական ղեկավարին և օդանավակայանների շահագործողական ծառայությունների կարգավարներին, որոնք անհապաղ ստացված տեղեկատվությունը փոխանցում են ՔԱԿ կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարին (հեռախոս՝ 060434295, 060434296), որը ստացված հաղորդագրությունը փոխանցում է ներգրավված մարմիններին և կազմակերպություններին սույն Կարգով սահմանված Պայթյունի ահազանգի մասին ազդարարման սխեմայով։

Յուրաքանչյուր անձ՝ հեռախոսով ստանալով սպառնալիքի մասին տեղեկատվությունը, պետք է.

1) ուշադիր լսի և ճշգրիտ գրանցի զանգահարող անձի արտահայտությունները,

2) միջոցներ ձեռնարկի, որպեսզի ճշտի՝ որտեղից է ստացվել զանգը կամ հնարավոր միջոցներով տեղեկացնի այլ աշխատողին, որպեսզի վերջինս ճշտի՝ որտեղից է ստացվել զանգը,

3) փորձել ձայնագրել հաղորդագրությունը, եթե տվյալ հեռախոսը հաղորդագրության ձայնագրման և գրանցման համալրված չէ,

4) գործադրել բոլոր հնարավոր միջոցները հեռախոսային խոսակցությունը երկարաձգելու համար՝ հնարավոր շատ տեղեկատվություն ստանալու նպատակով,

5) առանց հաղորդողին ընդհատելու և առանց որևէ տեղեկատվություն տալու ուշադիր լսել և ճշգրտորեն հիշել զանգահարողի հաղորդագրությունը,

6) գրանցել հեռախոսային խոսակցության ճիշտ ժամանակը և կատարել նշումներ հեռախոսազանգի բովանդակության վերաբերյալ,

7) գրանցել հեռախոսով ստացված տեղեկատվությունը` կրկնելով այն, այնուհետև խնդրել բաժանորդին հաստատել գրանցված հաղորդագրության ճշտությունը,

8) լսողությամբ որոշի զանգահարողի խոսքի, առոգանության, ինտոնացիայի, ակցենտի, խոսակցությանն ուղեկցող աղմուկի և այլ առանձնահատկությունները,

9) ստացված հաղորդագրության մասին ամբողջական կարծիք կազմելու, զանգահարողին բացահայտելու և հավանական ճշմարտացիությունը պարզելու նպատակով զանգահարողին տալ հարցեր, որոնք պետք է լինեն ուղիղ, բայց ոչ ուղղորդող, պահպանելով հերթականությունը, քանի որ զանգահարողը կարող է ավելի շուտ վայր դնել հեռախոսը՝ քան հարցեր տալը։

Պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով ստացված հաղորդագրության դեպքում պետք է տալ հետևյալ հարցերը.

1) որտե՞ղ է տեղադրված պայթուցիկ սարքը.

Այս հարցը տրվում է առաջինը այն նպատակով, որպեսզի հնարավոր լինի կազմել պատասխան գործողությունների պլան՝ փոխելու թռիչքում գտնվող օդանավի երթուղին կամ կազմակերպել օդանավակայանային համալիրից տարահանման աշխատանքները:

2) ե՞րբ պետք է տեղի ունենա պայթյունը.

Այս հարցը տրվում է, որպեսզի ճշտվի այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է տարահանման իրականացման համար:

3) ի՞նչ տեսք ունի պայթուցիկ սարքը (սարքի նկարագիրը).

Այս հարցը տրվում է, որպեսզի որոնման ժամանակ հնարավոր լինի արագ ճանաչելու պայթուցիկ սարքը:

4) ո՞վ եք դուք.

Այս հարցը տրվում է, որպեսզի հարցի օգնությամբ հնարավոր լինի պարզել զանգահարողի հաղորդագրության հավաստիությունը կամ պատկանում է արդյոք զանգահարողը որևիցե ահաբեկչական խմբավորման:

5) ինչո՞ւ եք դուք դա անում (կատարում).

Այս հարցը տրվում է, որպեսզի հարցի օգնությամբ հնարավոր լինի որոշելու սպառնալիքի մասին հաղորդագրության հավաստիությունը և արարքի նպատակները:

Հրամանում նշվում է, որ պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսազանգ ստացողը անձը պետք է հնարավորության դեպքում ստուգի զանգահարողի կողմից հաղորդված տեղեկատվության ճշտությունը` հայտնելով ահազանգողին իրականությանը չհամապատասխանող չվերթի համարը, թռիչքի ժամը կամ ուղղությունը և հարցնի զանգահարողին՝ դա էր նկատի ունեցել, թե ոչ:

Անձը, ով հեռախոսով ստացել է սպառնալիքի մասին միջնորդավորված հաղորդագրություն, պետք է.

1) հարցնի ու գրանցի ճիշտ ժամանակը, երբ ստացել է սպառնալիքի մասին հաղորդագրությունը կամ պատահականորեն լսել է այդ մասին, գրի այն ճշգրիտ արտահայտությունները, որոնք օգտագործում էր զանգահարողը կամ խոսողը,

2) պարզի միջնորդից՝ ստացել է արդյոք նա սույն կետի 1-ին ենթակետով նշված հարցերի վերաբերյալ որևէ պատասխան, թե ոչ, հաջողվել է արդյոք միջնորդին իմանալ` որտեղից են զանգահարել և ունի որևէ տեղեկատվություն սպառնալիքի մասին տեղեկություն իմացող և զանգահարող անձի կամ սպառնալիքի մասին խոսող անձի վերաբերյալ կամ տվյալներ այդ անձանց հետ կապի մասին:

Օդանավի հրամանատարին թռիչքի ընթացքում տվյալ օդանավում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ստացված տեղեկատվությունը փոխանցվում է ՔԱԿ նախագահի որոշմամբ, որն ստանալով տեղեկատվությունը, գնահատելով ստեղծված իրավիճակը և հարցը քննարկելով օդանավակայանների ճգնաժամային կառավարման պլանում ընդգրկված օպերատիվ շտաբի անդամների հետ, որոշում է կայացնում ստացված տեղեկատվությունը օդանավի հրամանատարին փոխանցելու կամ չփոխանցելու մասին:

Առանց ՔԱԿ նախագահի որոշման՝ արգելվում է օդանավակայանում կամ օդանավում պայթուցիկ սարքի մասին ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել թռիչքում գտվող օդանավերի հրամանատարներին:

Թռիչքում գտնվող օդանավում ուղևորների կողմից օդանավի անձնակազմի անդամներին օդանավում պայթուցիկ սարքի մասին գրավոր կամ բանավոր փոխանցված հաղորդագրությունները վերջիններիս կողմից տրվում են օդանավի հրամանատարին, որն անհապաղ այդ մասին հաղորդում է օդային երթևեկության կառավարման կարգավարին և հայտնում թռիչքի հետագա ընթացքի մասին իր կայացրած որոշումը:

Պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրություն ստացած անձը իր անմիջական ղեկավարին տեղեկատվությունը պետք է փոխանցի լրացնելով պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրության ստացման և տեղեկացման ձևաթուղթը։

Հրամանն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել