Դրամական պահանջներն ավելացել են, 2 գույք դուրս է եկել հայցից․ Տարոն Մարգարյանի գործով հայցապահանջում փոփոխություններ են կատարվել

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը, որը  նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝  դատական նիստի մասնակիցները՝ բացառությամբ Տարոն Մարգարյանի ներկայացուցիչ Բենիկ Գալստյանի, դեմ էին դատական նիստը տեսանկարահանելու լրագրողների ներկայացրած միջնորդությանը, սակայն դատարանը որոշեց բավարարել լրագրողների միջնորդությունը՝ գործով ներգրավված տնտեսագետ Իրինա Մկրտչյանին չնկարահանելու պայմանով։ 

Այս նիստին Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանի՝ նախորդ նիստին ներկայայացրած միջնորդությունը՝ հայցի հիմքի և առարկայի մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ։ Խուդավերդյանը միջնորդություն էր ներկայացրել հաշվարկները ճշգրտելու, օրական հաշվարկի տրամաբանությամբ դարձնելու պահանջով։

«Ամբողջությամբ վերակաշվարկ ենք կատարել, փոխել ենք հաշվարկի տրամաբանությունը։ Հաշվարկը փոխվել է, դրա արդյունքում նաև որոշակի գույքերի ապօրինության տոկոսներն են փոխվել, որը բնականաբար ազդել ա ամբողջ դատական հայցի վրա»,- ասաց Խուդավերդյանը։

Փոփոխությամբ հայցում առկա բռնագանձման պահանջով հետևյալ փոփոխություններն են կատարվել, որով պաանջվում է բռնագանձել․

1․Վայոց Ձորի մարզի, Ջերմուկ քաղաքի 2-րդ ամառանոցն ամբողջությամբ։

2․Երևան քաղաքի, Ավան 3/2 հասցեում առևտրի հասարակական կենտրոնի 92․1%-ը 

(Նախկինում ապօրինի էր դիտարկվում  գույքի 98․2 %)։

3․ Երևանի Բաբաջանյան փողոցի 77/7 հասցեի տան 97․9%-ը, նախկին տարբերակով՝ 99․81 %։

4․ Երևանի Ավան վարչական շրջանի, Մարշալ Բաբաջանյան փողոցի 28-րդ բնակելի տունը ամբողջությամբ, նախկինում՝ 93․7 %։

5․Երևանի Ավան վարչական շրջանի, Սաֆարյան փողոցի 10/10 հասցեի տան 96․5 % (նախկինում՝ 98․3 %)։

6․Սաֆարյան փողոցի 10-րդ տան 96․5%-ը․ «Այս գույքերն առանձնացվել են մեկ հասցեից, հետևաբար նրանց ապօրինության տոկոսները նույնպես համընկնում են»։

7․Ավան վարչական շրջանի, Բաբաջանյան փողոցի 24/1 հասցեի գույքը՝ 97․9 %, նախկինում՝ 99․81%։

  • Հաջորդիվ կոմպլեկտավորվող մասերով 4 տիպի սարքավորում է շուկայական արժեքով, որոնց մասով նույնպես փոփոխություն տեղի չի ունեցել և սրանք նույնպես ամբողջությամբ ենթակա են բռնագանձման։

8․Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/1 շինությունները, դրանց շուկայական արժեքն ամբողջությամբ։

9․ TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի ավտոմեքենայի  99․8 %, նախկինում՝ ամբողջությամբ։

10․ TOYOTA COROLLA 1.6 P մակնիշի ավտոմեքենայի 6․3 %, նախկինում՝ ամբողջությամբ։

11․ LEXUS LX 570 մակնիշի ավտոմեքենայի 96․1 %,  նախկինում՝ ամբողջությամբ ։ 

12․ LEXUS LS 600 H 5.0 GAS մակնիշի 98․5 %-ը նախկինում՝ ամբողջությամբ ։

13․ «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի 100 % մասնակցության շուկայական արժեքը։

Փոփոխություններ են եղել նաև դրամական պահանջի մասով․

Բռնագանձման է ենթակա՝

  • 146 միլիոն 857 հազար 931 ՀՀ դրամ, որը չի հիմնավորում Տարոն Մարգարյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում։ Այս գումարը որոշակի փոփխվել է, տեղի է ունեցել ավելացում․ նախկինում պահանջվում էր բռնագանձել 100 միլիոն 417 հազար 533 ՀՀ դրամ։
  • 828 միլիոն 759 հազար 348 ՀՀ դրամ, որպես ապօրինի եկամուտի մնացորդ, որը հադիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման օգտագործման արդյունքում առաջացած գումար։ Սա ևս ավելացում է ունեցել, նախկինում 755 միլիոն 154 հազար 928 ՀՀ դրամ է եղել։

Դատախազը նշեց նաև, որ հայցի առարկայից դուրս են եկել 2 գույքեր, որոնք վերահաշվարկի արդյունքում դիտարկվել են որպես օրինական եկամուտներով հիմնավորվող։ Դրանք են՝ Երևանի Սայաթ-Նովա թաղամասի 8-րդ շենքի 3-րդ և 7-րդ ավտոտնակները, որոնք սկզբնական հայցադիմումով դատախազությունը պահանջվում էր բռնագանձել որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր։

Դատավորի հարցին՝ արդյոք նվազեցրել են ապօրինի մասերը, դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը պատասխանեց, որ որոշակի գույքերի ապօրինի մասեր նվազել են, առարկայական գույքերի փոփոխությունը տեղի է ունեցել միայն վերը նշված 2 գույքերի վերաբերյալ և դրամական պահանջների մասով․ «Դրամական պահանջներ չեն նվազեցրել, ավելացել են վերահաշվարկի արդյունքում»։

Պատասխանող Տարոն Մարգարյանի ներկայացուցիչ Բենիկ Գալստյանը հարցրեց, թե կա արդյոք ավելի առարկայական փոփոխություն, թե խոսքը վերաբերում է միայն սկզբունքային փոփոխություններին։

Դատախազը պատասխանեց՝ հաշվարկներից բացի փոփոխություններ կատարվել են միայն 1-2 հատվածներում, օրինակ՝ փորձաքննությունների հետ կապված, քանի որ եղել են որոշակի վրիպակներ․ «Սակայն սկզբունքային փոփոխություններ չեն եղել»։

Այնուհետև պատասխանողի մյուս ներկայացուցիչ Մուշեղ Առաքելյանը ճշգրտեց՝ հավանականություն կա՞, որ հայցի մեջ ինչ-որ բան կփոխվի հայցի առարկայի հետ կապված, ինչին ի պատասխան դատախազը նշեց. «Այս պահի դրությամբ՝ ոչ»։

Այս դատական նիստի ընթացքում նշված միջնորդության քննությունն ավարտվեց, որոշումը կկայացվի առանձին դատական ակտի ձևով։

Հաջորդ դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ։

Մարիամ Աբրահամյան, Լիլիթ Խաչատրյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել