Դատարանի նախագահի բանավոր պահանջի իրավունքը՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով

Հակակոռուպցիոն քրեական դատարանում երեկ՝ օգոստոսի 23-ին, շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստի սկզբում քննարկվեց Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանների կողմից նախորդ նիստին ներկայացված միջնորդության հարցը։ Նրանք միջնորդել էին  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի 4 աշխատակիցներին հակընդդեմ հարցման եղանակով դատարան հրավիրել։

Ըստ պաշտպանության կողմի՝ այս գործի շրջանակներում պաշտպանությունն արդյունավետ իրացնելու համար առաջին հերթին կարևոր է այդ հարցաքննությունը, քանի որ այդ անձանց կողմից կազմված փաստաթղթերը ամբողջությամբ դրված են մեղադրանքի հիմքում, դրանք ճանաչվել են որպես արտավարույթային փաստաթուղթ։

Լսելով կողմի դիրքորոշումները և հաշվի առնելով բերված միջնորդության շրջանակում առկա իրավակարգավորումները՝ դատարանը որոշեց ներկայացված միջնորդությունը մերժել։

Ապացույցները լրացնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանը։

Ալեքսանյանը նշեց, որ դեռևս 2023 թ․ հուլիսի 10-ին փաստաբանական հարցում է ուղարկել առաջին ատյանի, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահին՝ պարզելու, թե արդյո՞ք դատարանի նախագահն իրավունք ունի նույն դատարանի դատավորներին տալ բանավոր պահանջ, առհասարակ ունի՞ վերադասության գործառույթ վերջինիս նկատմամբ, և դատարանի նախագահը արդյո՞ք կարող է բանավոր պահանջով նույն դատարանի դատավորների ետ պահանջել օրենքով սահմանված կարգով վերջինիս մակագրված պաշտպանության կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը, թե՞ ոչ։

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը պատասխանել է, որ դատարանի նախագահը նման լիազորություն չունի։

Առաջին ատյանի դատարանի նախագահը ի պատասխան հարցմանը՝ հայտնել է, որ նախագահի լիազորությունները սահմանված են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածով։

Նա նշեց, որ համապատասխան դիմում է ուղարկվել նաև Վերաքննիչ դատարանի նախագահին՝ հաշվի առնելով, որ մյուս երկու դատարանների նախագահների լիազորությունները կարգավորվում են նույն օրենքով, նաև ընդգծեց, որ հարցման պատասխաններն այս քրեական վարույթի շրջանակներում կարևոր նշանակություն ունեն, դրանք պետք է ճանաչվեն որպես արտավարույթային փաստաթուղթ։

Նրա խոսքով՝ Գագիկ Պողոսյանի հարցաքննության ժամանակ ևս հարց էր տրվել օրենքի վերաբերյալ, թե վերջինս իրավունք ունե՞ր բանավոր հանձնարարություն տալու համար, ինչին նա «չկարողացավ մատնանշում կատարել»։

Գագիկ Պողոսյանի՝ դատարանում տված ցուցմունքն այստեղ։

Հանրային մեղադրող, դատախազ Արմեն Գևորգյանը միջնորդության վերաբերյալ ասաց, որ այն ենթակա է մերժման։

Ըստ դատախազի՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի վերաբերյալ որևէ ատյանի դատարանի նախագահի կողմից տրված մեկնաբանությունն այս գործի շրջանակներում կիրառելի չէ և չի կարող դրվել գործ մեղադրյալներից որևէ մեկին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքի հիմքում, քանի որ դատարանի նախագահները այդ հարցի շրջանակներում կարող են տալ յուրովի մեկնաբանություններ։

Դատավորն արձանագրեց, որ ապացույցների վերաբերյալ դիրքորոշում արտահայտելիս պետք է զգուշավորություն ցուցաբերվի, որպեսզի տպավորություն չառաջանա, թե այս գործի դատաքննության ընթացքում հետազոտված որևէ ապացույցի վերաբերյալ դատարանը հատուկ վերաբերմունք ունի, քանի որ դրանք գնատահատվում են համադրության մեջ։

Միջնորդության վերաբերյալ նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն ասաց, որ այն այս գործի փաստական հանգամանքների հետ կապված տեղեկությունների չի պարունակում, այլ դրանում ներառված են իրավական նորմի վերաբերյալ երկու դատարանների նախագահների դիրքորոշումները, հետևաբար մերժեց միջնորդությունը։

Էրիկ Ալեքսանյանի մյուս միջնորդությունը վերաբերում էր դատավարական փաստաթուղթը գործի նյութերին կցելուն։ Մասնավորապես, քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել, որը մերժվել է քննիչի կողմից, այնուհետև ներկայացվել է համապատասխան բողոք և ստացվել է դրա վերաբերյալ գլխավոր դատախազի պատասխանը։

Նա միջնորդեց որոշումը կցել վարույթի նյութերին՝ հետագայում հնարավորություն տալով դրա վերաբերյալ որոշակի հղումներ կատարելու և եզրափակիչ ելույթում դիրքորոշում հայտնելու առումով։

«Մեկ վարույթի շրջանակներում տիկին դատախազը ասում է, որ միևնույն ժամանակ հանցանքի կատարման միջոցը չի կարող  դիտվել որպես հանցանքի կատարման հետևանք, բայց իրենց իսկ կողմից առաջադրված մեղադրանքի սահմանից երևում է, որ տվյալ պարագայում դիտվել է և՛ հանցանքի կատարման միջոց, և՛ հետևանք, այն էլ՝ 2 հետևանքով պայմանավորված»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Լսելով կողմերի դիրքորոշումները, առարկությունները, դատարանը որոշեց ներկայացված միջնորդությունը բավարարել, նշված որոշումը կցել գործի նյութերին՝ դրանից բխող դատավարական մնացյալ գործողությունները կատարելու համար։

Հաջորդիվ միջնորդությամբ հանդես եկավ դատախազ Արմեն Գևորգյանը։ Ներկայացվող փաստաթղթերից մեկում ապացուցողական գործողության արձանագրությունն է, մյուսում՝ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի պետին հասցեագրված հարցումը, որը վերաբերում է մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանի կողմից 2022 թ․ ներկայացված միջնորդությանը։ Հարցման միջոցով հանրային մեղադրողը փորձել է ճշտել, թե արդյո՞ք միջնորդությունը սեպտեմբերի 20-ին է մուտքագրվել քննչական բաժնում, ի՞նչ եղանակով է կատարվել, նաև խնդրել է տրամադրել փոխանցման ժամանակագրությունը։

Դատախազի խոսքով՝ ներկայացված փաստաթղթով հիմնավորվում է մեղադրանքի այն նկարագրությունը, որով Էրիկ Ալեքսանյանին, ի թիվս այլնի, մեղսագրվում է նաև 2022 թ․ սեպտեմբերի 17-ին դատարան ներկայացված միջնորդության մեջ այնպիսի արձանագրումներ կատարելու, թե իբր վարույթ իրականացնող մարմնին ներկայացվել է առերեսումներ կատարելու վերաբերյալ միջնորդություն և ստացել պաշտոնական պատասխան։

Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ համաձայն չէ հանրային  մեղադրողի պնդումների հետ, քանի որ միջնորդության մեջ գրել է, որ ըստ ստացված տեղեկությունների՝ առերեսման կատարման անհրաժեշտությունը բացակայում է։

Ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից բավարարվեց, որոշվեց ներկայացված փաստաթղթերը որպես արտավարութային փաստաթղթեր ճանաչել ապացույց՝ հաշվի առնելով Քրեական դատավարության 96-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները։

Նիստը հետաձգվեց։

Հանրային մեղադրողի մյուս միջնորդությունը կներկայացվի հաջորդ դատական նիստին։ Արուսյակ Ալեքսանյանը նշեց, որ միջնորդության քննարկմանը պետք է ներկա գտնվեն նաև իր մյուս պաշտպաններ Հովսեփ Սարգսյանը և Անդրանիկ Մանուկյանը։

Հաջորդ դատական նիստը՝ սեպտեմբերի 18-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել