Սահմանադրությունը կարգավորում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը

Սահմանադրության 115-րդ հոդվածը կարգավորում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:

Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել