«Համացանցում տարածված տեսանյութը չի կարող հիմք հանդիսանալ արդեն իսկ ավարտված ուսումնասիրությունը վերսկսելու համար»․ Միհրան Պողոսյանի փաստաբանները՝ դատարանին

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 22-ին, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և նրան փոխկապակցված 7 անձանց՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի առաջին մասում պատասխանողները փորձում էին պարզել՝ Միհրան Պողոսյանի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ Գլխավոր դատախազության սկսած ուսումնասիրությունն  ավարտվե՞լ է, թե ոչ։

Բանը նրանում է, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը հայցի հիմքը և առարկան փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրեց, որն առնչվում է «Մրգենի» ՍՊԸ-ին և դրա վերաբերյալ Միհրան Պողոսյանի արած հայտարարություններին։ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավարը տեսանյութ էր հրապարակել ու նշել, որ այդ ընկերության «իրական շահառուն և սեփականատերը» ինքն է հանդիսանում։

«Միհրան Պողոսյանը 2018 թվականին Լևոն Աթաջանյանի անվամբ հիմնադրել է 10 հազար դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Մրգենի» ՍՊԸ-ն, որի գործունեությունն ամբողջությամբ վերահսկվել է Միհրան Պողոսյանի կողմից, նա հանդիսացել է ընկերության իրական շահառուն։ Աթաջանյանը 2019-ի մարտին ընկերության իր ամբողջ բաժնեմասը 10 հազար դրամ անվանական արժեքով վաճառել է Հակոբ Հակոբյանին։ Նա էլ իր հերթին այն 2019-ի հոկտեմբերին վաճառել է Հարություն Մելքոնյանին, ով «Քեթրին գրուպ» և «Բանանեկ» ՍՊ ընկերությունների նախկին աշխատակիցն է։ 2020-ին ընկերության ամբողջ բաժնեմասը կրկին վաճառվել է Լևոն Աթաջանյանին։ Իրավասու մարմնի կողմից այս գործարքները դիտվել են ձևական բնույթ կրող, քանի որ, ի սկզբանե Միհրան Պողոսյանն է հանդիսացել այս ընկերության իրական շահառուն»,-նշեց Տիգրան Ենոքյանը։

Ընկերությունը զբաղվել է Էկվադորից Հայաստան և Վրաստան բանանի ներկրմամբ։ Ռեսուրսներ էին անհրաժեշտ բանանի խմբաքանակ պատվիրելու, տեղափոխման ծախսերը հոգալու և այլ բնույթի ներդրումներ կատարելու համար․ «Այդ ծախսերը Միհրան Պողոսյանի օրինական եկամուտներով չէին կարող հիմնավորվել»։

Բացի այդ, ընկերությունը Երևանի Ռուբինյանց փողոցի տարածքներից մեկն է վարձակալել, որը, իրավասու մարմնի պնդմամբ, պատկանում է Միհրան Պողոսյանին, սակայն կրկին չի հիմնավորվում նրա օրինական եկամուտներով․ «Տարածքի վարձակալությունից ստացված վարձավճարները, որպես պտուղ, կրկին դիտվել են ապօրինի»։

Տիգրան Ենոքյանը նշեց, որ նման պնդումների համար հիմք է հանդիսացել համացանցում տարածված տեսանյութը, որտեղ էլ Միհրան Պողոսյանը հայտնում է, որ հանդիսանում է «Մրգենի» ընկերության իրական շահառուն և սեփականատերը։ Բացի այդ, հայցվորը միջնորդեց Հերմինե Թադևոսյանին, Ինեսսա Աբովյանին, Լևոն Մուրդայանին, Աստղիկ Իսաբեկյանի և Լևոն Աթաջանյանին ներգրավել որպես գործով պատասխանողներ։

Միհրան Պողոսյանի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը դատարանում փորձեց պարզել՝ ինչպիսի իրավական ընթացակարգով է դատախազությունը առաջնորդվել «Մրգենի» ընկերության վերաբերյալ պետական գերատեսչություններ հարցում անելիս և հարկային գաղտնիք ստանալիս: Փաստաբանի խոսքով՝ իրավասու մարմինը կարող է հարցումներ իրականացնել և նման այլ գործողություններ կատարել ուսումնասիրության ընթացքում՝ հայց հարուցելու նպատակով․ «Փաստացի՝ ուսումնասիրությունը ավարտված է, գործի քննության փուլում ենք»։

Տիգրան Ենոքյանը նշեց, որ օրենքը թույլ է տալիս իրավասու մարմնի նաև գործի քննության ընթացքում հարցումներ անել․ «Գործընթացն ամբողջությամբ վերաբերելի է իրավասու մարմնի գործառույթներին»։

Հայցվորի ներկայացրած միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշման մեջ Միհրան Պողոսյանի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը նշեց, որ իրավասու մարմինը չէր կարող հարցումներ անել ՊԵԿ և այլ գերատեսչություններ, քանի որ իր վստահորդի հետ կապված ուսումնասիրությունն արդեն ավարտվել է և դատական քննություն է ընթանում․ «Իրավասու մարմինը հայցի հիմքը և առարկան փոփոխելու հիմքում դրել է 2023-ի մայիս-հունիս ամիսներին «Մրգենի» ընկերության և վերջինիս տնօրենի վերաբերյալ պետական մարմիններին կատարված հարցումների պատասխանները և այլ տվյալներ։ Գտնում ենք, որ Միհրան Պողոսյանի հետ ընկերության ենթադրյալ փոխկապակցվածությանը վերաբերող փաստական հանգամանքներով հայցի հիմքը լրացնելը, ինչպես նաև ընկերության 100 տոկոս բաժնեմասի բռնագանձման պահանջով հայցի առարկան ավելացնելը դուրս են իրավասու մարմնի լիազորությունների շրջանակից։ Վերջինս իրավասու չէ իրականացնել նոր ուսումնասիրություն և  տվյալներ հավաքագրել ուսումնասիրության չհայտնաբերված և հայցադիմումով չպահանջված գույքի նկատմամբ»։

Բացի այդ, Մերի Խաչատրյանը հայտարարեց՝ համացանցում տարածված տեսանյութը չի կարող հիմք հանդիսանալ արդեն իսկ ավարտված ուսումնասիրությունը վերսկսելու համար։

Պատասխանողների ներկայացուցիչները պնդեցին նաև, որ դատախազությունը չի կարող պահանջել բռնագանձել, օրինակ, տարածքի վարձակալությունից ստացվելիք վարձավճարները․ «Օրենքը հնարավորություն է տալիս բռնագանձել հայցադիմումի ներկայացման պահին առկա գույքը, որը ուսումնասիրությունն ամփոփող եզրակացությամբ ապօրինի է դիտարկվել։ Ապագայի, որոշ գործարքների արդյունքում գոյացող եկամուտները դուրս են ներկայացվող հայցի շրջանակներից և հայցի առարկայի փոփոխությամբ չեն կարող ներառվել հայցապահանջում»։

Վերջին դիտարկումը վերաբերում էր օրենքով պահպանվող շահի ենթադրյալ փոփոխությանը․ «Առանց համապատասխան ուսումնասիրություն իրականացնելու որևէ գույք հօգուտ պետության բռնագանձելը դա դեռ չի խոսում պետական շահի մասին։ Պետական շահն առկա է, երբ համապատասխան իրավական ընթացակարգերի պահպանմամբ, իրավասու մարմնի կողմից օրենքով սահմանված լիազորությունների իրականացմամբ հայտնաբերվել է ապօրինի ծագում ունեցող գույք»։

Մերի Խաչատրյանը դատարանում հայտարարեց․ գտնում են, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման։ Հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրեց նաև Գագիկ Բադալյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ Նա ավելացրեց՝ հայցվորը չի կարող ցանկացած հայց ներկայացնել, այն պետք է բխի ուսումնասիրության արդյունքներից։

Փաստաբանը 4 հիմքի անդրադարձավ, որոնք հաշվի առնելով ներկայացված միջնորդությունը, իր խոսքով, պետք է մերժվի։

  1. Ուսումնասիրության ավարտից հետո իրականացվել են գործողություններ, որոնք իրավաչափ չեն,
  2. Հայցի փոփոխությունը չի բխում որևէ եզրակացությունից,
  3. Պահպանված չէ այլ անձանց ներգրավման մինչդատական կարգը,
  4. հայցվորը հայցը ներկայացնելու իրավական շահագրգռվածություն չունի։

Տիգրան Ենոքյանն անդրադարձավ այլ անձանց ներգրավման մինչդատական կարգին։ Նա նշեց, որ հայցադիմումի ներկայացումից հետո են հայտնի դարձել ինչպես «Մրգենի» ընկերության, այնպես էլ միջնորդությամբ նոր պատասխանողներ ներգրավելու վերաբերյալ տվյալները։

Դատավոր Ռուդոլֆ Ավագյանը նշեց, որ միջնորդության վերաբերյալ որոշումը պետք է կայացվի առանձին դատական ակտի ձևով, հետևաբար դատական նիստը հետաձգվում է։ Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել