Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ դատական պրոցեսներն իրենց տրամաբանական ավարտին են մոտենում։ «Կեչառիս հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արա Հակոբյանը, որը փոխկապակցված է Միհրան Պողոսյանի հետ, մի շարք ուղղություններով նշված տարածքը ստանալու փորձեր է կատարել, սակայն այսօր արդեն մի քանի դատական ատյանների վճիռներ կան, որոնք փաստում են այն մասին, որ դա նրան չի հաջողվել։
Նշենք, որ Iravaban.net-ը հետաքննություն է հրապարակել Այվազովսկու 14 հասցեի տարածքի համար հայտարարված շուրջ 70 աճուրդների մասին, որոնցում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ։
20.12.2021 թվականին Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ պարտապան Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի և «Արնդանե» ընկերության՝ պահանջելով, որ Այվազովսկու թիվ 14 հասցեի գույքի՝ 28.12.2018 թվականի աճուրդը ճանաչվի անվավեր, և դրա հիման վրա անվավեր ճանաչվի նաև «Արնդանե» ընկերության սեփականության իրավունքը գույքի նկատմամբ։
Նշված տարածքի վերաբերյալ առաջին վճիռը կայացրել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը։ Նշված հայցը դատարանը մերժել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։
Սնանկության դատարանի դատավոր Արսեն Բաբայանի վճռով էլ ավարատվել է Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործը։ Այվազովսկու 14 հասցեի տարածքի նկատմամբ Արա Հակոբյանն այդպես էլ չէր գրանցել իր սեփականության իրավունքը, տարածքի սեփականատերն էր մնացել Արմեն Ստամբոլցյանը, և գույքը ներառվել է սնանկության վարույթում պարտապանի (Արմեն Ստամբոլցյանի) գույքի կազմի մեջ: Արդյունքում այդ գույքն աճուրդի է հանվել Արմեն Ստամբոլցյանի սնանկության վարույթի շրջանակներում:
Արմեն Ստամբոլցյանը գույքի հետ կապված կուտակել էր հողի հարկի և գույքահարկի մասով պարտքեր, որոնց հանրագումարը կազմել է 10,742,840 ՀՀ դրամ՝ ներառյալ տույժերը: Այս գումարը բռնագանձելու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է Արմեն Ստամբոլցյանի սնանկության վարույթը: Գործը հասել է Վճռաբեկ դատարան, Վճռաբեկ դատարանը մերժել է Արա Հակոբյանի ներկայացուցիչների ներկայացրած երկու բողոքները, և սնանկության գործն ավարտվել է։
29.12.2021 թվականին Արա Հակոբյանը ևս մեկ հայց է ներկայացրել ընդդեմ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի և «Արնդանե» ընկերության՝ պահանջելով, որ Այվազովսկու թիվ 14 հասցեի գույքի՝ 28.12.2018 թվականի աճուրդը ճանաչվի չկայացած, և դրա հիման վրա անվավեր ճանաչվի «Արնդանե» ընկերության սեփականության իրավունքը գույքի նկատմամբ։
Աճուրդը չկայացած ճանաչելու և դրա հիման վրա աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին հայցը մերժելվել է «Աջափնյակ-2» նստավայրի դատավոր Մարիաննա Ստեփանյանի կողմից, և վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Այս պահին Վարչական դատարանում շարունակվում է Երևանի Այվազովսկի 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2023-ի դեկտեմբերի 10-ի «Արնդանե» ՍՊ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և նույն հասցեի նկատմամբ հայցվոր Արա Հակոբյանի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործի քննությունը։ Գործը գտնվում է դատավոր Ելենա Առաքելյանի վարույթում, գործի համարը՝ ՎԴ/13165/05/21: Զուգահեռ գործերով կայացված բոլոր դատական ակտերը ներկայացվել են Վարչական դատարանին: Թիվ ՎԴ/13165/05/21 գործով վճռի հրապարակման օր է նշանակվել 26.06.2025 թվականը:
———————————
Այվազովսկու 14 տարածքի վաճառաքի համար ԴԱՀԿ-ի կողմից շուրջ 70 աճուրդ է հայտարարվել: Դրանցից մեկում է (2016 թ-ի դեկտեմբերի 26-ին), որ «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի տնօրեն Արա Հակոբյանը հաղթող է ճանաչվել։ 2017 թվականի հունվարի 9-ին էլ կնքվել է առքուվաճառքի պայմանագիրը։ Սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ Արա Հակոբյանը չի վճարել հողի կադաստրային արժեքը, ինչն էլ խոճընդոտել է գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքի գրանցմանը։
Հարկ է նշել, որ հայցվոր Արա Հակոբյանի անունը փոխկապակցվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը Էդուարդ Հարությունյանն է, ով զբաղցրել է ««Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը։ Դեռևս 2019 թվականին Հատուկ քննչական ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝ 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն: