Այվազովսկի 14 հասցեում գտնվող անշարժ գույքի գործով դատական քննությունը շարունակվում է․ Վարչական դատարանին հայցը մերժելու միջնորդություն ներկայացվեց

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչական դատարանում շարունակվում է Երևանի Այվազովսկի 14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2023-ի դեկտեմբերի 10-ի Արնդանե ՍՊ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և նույն հասցեի նկատմամբ հայցվոր Արա Հակոբյանի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործի քննությունը։

Նշենք, որ Iravaban.net հետաքննություն  է հրապարակել Այվազովսկու 14 հասցեի տարածքի համար հայտարարված շուրջ 70 աճուրդների մասին, որոնցում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ։

«Սնանկության գործի վարույթի հետ կապված միջնորդություն ունեմ և կցանկանայի դատարանն ներկայացնել Վճռաբեկ դատարանի որոշումները և հայտնել տեղեկություն, որ սնանկության գործն ավարտվել է»,-ասաց Արմեն Ստամբոլցյանի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագահող դատավոր Ելենա Առաքելյանը հետաքրքրվեց, թե նշված դատական ակտերը գործի համար նշանակություն ունեցող որևէ փաստ հաստատում են, թե ոչ։

«Տեղեկացնում ենք դատարանին, որ նաև այդ սնանկության վարույթն ավարտվել է, ինչը ևս հիմք է հայցը մերժելու համար, այն պարզ տրամաբանությամբ, որ սա արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է, համաձայն որի վիճելի գույքը, որպես այդպիսին, ներգրավված է եղել սնանկության վարույթով Արմեն Ստամբոլցյանի գույքի կազմում, օտարվել է, ըստ էության դրա հիմքով վարույթն ավարտվել է»,-ասաց Կամո Ասատրյանը։

«Դատավարության հարգելի կողմեր, ինչպես նշվեց դատարանի որոշմամբ այս գործով ներգրավվել է 3-րդ անձ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը, ով փաստորեն համաձայն ԵԷԴ/0053/04/14 գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի, այլևս չի հանդիսանում Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչը, և վերջինիս իրավունքներն ու պարտականությունները համարվել են դադարեցված։ Նշվածի կապակցությամբ կխնդրեմ կողմերի կարծիքը, վերջինիս դատավարության կողմերից հանելու վերաբերյալ»,-ընդգծեց դատավորը։

Կողմերը այդ հարցը թողեցին դատարանի հայեցողությանը։ Դատավորը հայտնեց, որ Հովհաննես Սողոմոնյանին հանում է դատավարության մասնակիցների կազմից։

«Նշված որոշումը ՀՀ օրենսդրության համաձայն ենթակա է բողոքարկման, հետևաբար կցանկանամ լսել ձեր կարծիքը այս դատավարությունը շարունակելու վերաբերյալ»,-կողմերին դիմելով ասաց Ելենա Առաքելյանը։

Կողմերն ասացին, որ նիստը կարող են շարունակել և խնդիր չեն տեսնում։ Դատավորը որոշեց նիստը հետաձգել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել