Արա Հակոբյանը Այվազովսկի 14-ի գործերից մեկով պարտվել է դատարանում, մյուս գործով արագացված դատաքննություն կկիրառվի

«Կեչառիս հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ պարտապան Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի՝ պահանջելով, որ Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը չկայացած ճանաչվի և դրա հիման վրա Հովհաննես Սողոմոնյանի և «Արնդանե» ՍՊԸ-ի միջև 2021-ի դեկտեմբերի 10-ին նույն անշարժ գույքի նկատմամբ կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվի՝ կիրառելով անվավերության հետևանքները։

Նշենք, որ Iravaban.net հետաքննություն  է հրապարակել Այվազովսկու 14 հասցեի տարածքի համար հայտարարված շուրջ 70 աճուրդների մասին, որոնցում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում տեղի է ունեցել նշված գործով հերթական նիստը՝ դատավոր Մարիաննա Ստեփանյանի նախագահությամբ։

Նիստի ընթացքում Հովհաննես Սողոմոնյանի ներկայացուցիչ Արթուր Ապիկյանը դատարանին հանձնեց զուգահեռ ընթացող ԵԴ/57086/02/21 գործով դատավոր Երեմ Եսոյանի 07.12.2023թ. վճիռը, որով հայցվոր Արա Հակոբյանի՝ աճուրդն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջը մերժվել է հայցային վաղեմության հիմքով։

Վիճահարույց գործարքի անվավերության և դրա անվավերության հետևանքների կիրառման  մասին հայց կարող էր  ներկայացվել 1 տարվա ընթացքում՝ այն օրվանից հետո, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք հանդիսացող հանգամանքների մասին։ Նշվում է, որ հայցվորը 2018 թվականի դեկտեմբերի 28-ից սկսած (երբ անցկացվել էր աճուրդը) ուներ մեկ տարի, սակայն այդ ընթացքում չի ներկայացրել հայցադիմումը։

«Դատարանն աճուրդը դիտել է որպես գործարք, որը կայացել է»,-դատարանում հայտարարեց Հովհաննես Սողոմոնյանի ներկայացուցիչ Արթուր Ապիկյանը։

Երեմ Եսոյանի վճիռն ուժի մեջ է մտել, քանի որ հայցվոր կողմ այն չի բողոքարկել։

Ընթացող գործով դատավոր Մարիաննա Ստեփանյանը արագացված դատաքննություն կիրառելու որոշում կայացրեց։

«Դատարանը նման որոշում ընդունեց, որովհետև փաստերի վերաբերյալ կողմերը վեճ չունեն։ Դատարանն ուղղակի պետք է օրենքը կիրառի։ «Էրեբունի» նստավայրում շարունակվում է քննվել «Արնդանե» ընկերության հակընդդեմ հայցն։ Մենք պնդում ենք, որ հայցվորի կողմից 09.01.2017-ին կնքած առուվաճառքի պայմանագրում նոտար Վանինե Հովսեփյանի կատարած ուղղումները հակասում են «Նոտարիատի մասին» օրենքի պահանջներին և առ ոչինչ են»,-նշում է փաստաբան Ներսես Աղաբաբյանը։

Մարիաննա Ստեփանյանի որոշումը կհրապարակվի փետրվարի 23-ին։

Լուսանկարում դատավորներ Մարիաննա Ստեփանյանը, Երեմ Եսոյանը և հայցվոր Արա Հակոբյանն են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել