«Նոտարի կատարած ուղղումները հակասում են օրենքին»․ Այվազովսկու 14 հասցեի տարածքի գործով ներկայացվեց հակընդդեմ հայց և հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն

«Կեչառիս հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի՝ պահանջելով, որ Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչվի՝ կիրառելով անվավերության հետևանքները։

Նշենք, որ Iravaban.net հետաքննություն  է հրապարակել Այվազովսկու 14 հասցեի տարածքի համար հայտարարված շուրջ 70 աճուրդների մասին, որոնցում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ։

Փետրվարի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Էրեբունի» նստավայրում տեղի է ունեցել նշված գործով հերթական դատական նիստը, որով պատասխանող են գույքի աճուրդը կազմակերպած սնանկության կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը, «Արնդանե» ՍՊԸ-ն և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն, իսկ որպես երրորդ անձ է ներգրավված Երևանի քաղաքապետարանը։

«Արնդանե»-ի փաստաբան Ներսես Աղաբաբյանը հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան, իսկ «Հայէկոնոմբանկ»-ի ներկայացուցիչը՝ միջնորդություն։

«Արնդանե»-ն պնդում է, որ հայցվորի կողմից 09.01.2017-ին կնքած առուվաճառքի պայմանագրում նոտար Վանինե Հովսեփյանի կատարած ուղղումները հակասում են «Նոտարիատի մասին» օրենքի պահանջներին և առ ոչինչ են։

Նշվում է, որ կադաստրում իրավունքի պետական գրանցման վարույթի կասեցման առաջին որոշումը կայացվել է 2017-ի հունվարի 16-ին: Կասեցումը վերացնելու վերաբերյալ հաջորդ դիմումը հայցվորը ներկայացրել է կադաստրին միայն 2021-ի հոկտեմբերի 15-ին։ Կասեցման հիմքերի վերաբերյալ Հայցվորը ոչ մի գործողություն չի կատարել, այդ թվում՝ չի շտկել 09.01.2017-ի առուվաճառքի պայմանագրում տեղ գտած թերությունները: Միայն 2021-ի հոկտեմբերի 29-ին հայցվորը նոտարի միջոցով ձեռագիր փոփոխություններ է կատարել 2017-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում և 2021-ի նոյեմբերին կրկին դիմում ներկայացրել Կադաստր: 

2017-ի հունվարի 9-ի առուվաճառքի պայմանագրի 2-րդ կետը նոտարի կատարած փոփոխություններից հետո ստացել է հետևյալ տեսքը․ «2. Նշված անշարժ գույքից շինության ընդհանուր մակերեսը կազմում է 9278.95 /ինը հազար երկու հարյուր յոթանասունութ ամբողջ ինսունհինգ/ քմ, հաղամասի մակերեսը կազմում է 45,000 (քառասունհինգ հազար) քմ»։

Ընկերության ներկայացուցիչը պնդում է, որ նոտարն ավելացրել է մուգ տառերով նշված և ընդգծված հատվածները, ինչպես նաև պայմանագրի 3-րդ կետում նոտարը կատարել է սեփականության վկայականի համարի փոփոխություն՝ 0337360 համարը փոխարինելով 1442494 համարով: 

«Արնդանե»-ի կարծիքով՝ պայմանագրում նման փոփոխություններ ավելացնելով՝ նոտարը ոչ թե ուղղել է լեզվական կամ տպագրական սխալը, այլ լրացում է կատարել պայմանագրի մեջ, ինչն անթույլատրելի է առանց պայմանագրի կողմերի համաձայնությանության․ «Հետևաբար՝ 09.01.2017-ի առուվաճառքի պայմանագրում նոտար Վանինե Հովսեփյանի կատարած ուղղումները չեն կարող համարվել վավեր և դրանց կատարման պահից չունեն իրավական ուժ, այսինքն՝ առ ոչինչ են»: 

Բացի այդ, «Արնդանե»-ն պահանջում է 09.01.2017-ին նոտարական վավերացում ստացած անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը  չկնքված ճանաչել:

«Հայէկոնոմբանկ»-ի ներկայացուցիչն էլ միջնորդել է հայցային վաղեմություն կիրառել և այդ հիմքով մերժել Արա Հակոբյանի ներկայացրած հայցը։ Միջնորդության մեջ նշվում է, որ վիճահարույց գործարքի անվավերության և դրա անվավերության հետևանքների կիրառման  մասին հայց կարող է  ներկայացվել 1 տարվա ընթացքում՝ այն օրվանից հետո, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին։ Նշվում է, որ հայցվորը 2018 թվականի դեկտեմբերի 28-ից սկսած (երբ անցկացվել էր աճուրդը) ուներ մեկ տարի, սակայն այդ ընթացքում չի ներկայացրել հայցադիմումը։

Դատարանը, դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ, որոշեց հետաձգել դատական քննությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 12-ին։

———————————

Այվազովսկու 14 տարածքի վաճառաքի համար ԴԱՀԿ-ի կողմից շուրջ 70 աճուրդ է հայտարարվել: Դրանցից մեկում է (2016 թ-ի դեկտեմբերի 26-ին), որ «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի տնօրեն Արա Հակոբյանը հաղթող է ճանաչվել։ 2017 թվականի հունվարի 9-ին էլ կնքվել է առքուվաճառքի պայմանագիրը։ Սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ Արա Հակոբյանը չի վճարել հողի կադաստրային արժեքը, ինչն էլ խոճընդոտել է գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքի գրանցմանը։

Հարկ է նշել, որ հայցվոր Արա Հակոբյանի անունը փոխկապակցվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը Էդուարդ Հարությունյանն է, ով զբաղցրել է ««Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը։ Դեռևս 2019 թվականին Հատուկ քննչական ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝  2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել